Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Երբեմն վեճ է առաջանում՝ ո՞ր եզրույթն է ճիշտ` «ազատագրված տարածքներ», «գրավյալ տարածքներ», «անվտանգության գոտի»: Ինձ թվում է՝ հրապարակախոսական, լրագրողական տեքստում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ճշգրիտ իրավական եւ քաղաքական եզրն է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածք»:

Այո, մենք պաշտոնապես չենք ճանաչել այդ պետությունը` չնայած, կարծում եմ, այդ ժամանակը մոտ է: Բայց հոգեբանական, հասարակական մակարդակով մենք պետք է հասկանանք, որ դա կայացած պետություն է, որի ժողովուրդն ու իշխանությունն են որոշում իրենց տարածքի բախտը: Դա քարոզչական հնարք չէ, ոչ էլ ինչ-որ քմահաճույք` սա պարզ պրագմատիզմ է, որով անհրաժեշտ է առաջնորդվել:

Եվ, հետեւաբար, երբ մենք Երեւանում նստած՝ քննարկում ենք` ինչ տալ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, ինչ է պետք վերցնել եւ այլն, պետք է հաշվի առնենք, որ տվողը, վերցնողը եւ կարգավիճակ որոշողը մենք չենք: Արցախի պետությունն ունի Սահմանադրություն, որով խնդրո առարկա շրջանները պատկանում են իրեն, եւ, ի դեպ, ունեն իրենց հայկական անունները:

Ես կամ Լավրովը, կամ Օբաման, կամ որեւէ այլ անձ ոչ ֆիզիկապես, ոչ բարոյապես, ոչ էլ իրավական առումով չենք կարող արցախցիների փոխարեն որոշել ոչ միայն այդ շրջանների, այլեւ դրանց կես մետրի ճակատագիրը: Եթե որեւէ մեկը մեզ ասի՝ տվեք Մարալիկը Ֆինլանդիային, որպեսզի լավ ապրեք, մենք ինչպե՞ս ենք ընկալելու այդ առաջարկը: Այնպես որ՝ առաջարկում եմ «տալ-չտալու» մասին բոլոր երեւանյան խոսակցություններն ավարտել: Եթե ԼՂՀ Ազգային ժողովում երբեւէ նման հարց քննարկեն, այն ժամանակ էլ կմեկնաբանենք:

Ես ոչ ազգայնամոլ եմ, ոչ ռազմատենչ եմ, ոչ էլ, առավել եւս՝ ռասիստ: Ես չեմ կարծում, որ մենք՝ հայերս, որեւէ ազգից «ավելի լավն ենք»: Ես ուզում եմ, որ մենք ադրբեջանցիների հետ խաղաղ ապրենք: Ինչպե՞ս է դա հնարավոր այսօր, երբ հարեւան պետությունը նպատակ է դրել Արցախի հայերին ցեղասպանության ենթարկել, եւ դա առանձնապես չի էլ թաքցնում՝ իր վարքով եւս մեկ անգամ «ընդգծելով» այս ապրիլի սկզբին: Դա հնարավոր է միայն Ադրբեջան պետությանը ուժգին ռազմական հարվածներ հասցնելով, այնպիսի հարվածներ, որոնք կստիպեն Ադրբեջանի ղեկավարությանը զգալ պատերազմի վտանգավորությունը:

Մենք չենք կարող, նույնիսկ տեսականորեն, Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, չենք կարող Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկել: Բայց Արցախի Պաշտպանության բանակը բոլոր հայերի օգնությամբ կարող է ստեղծել ճակատում այնպիսի վիճակ, որ Ադրբեջանը ԼՂՀ-ից (հե՛նց ԼՂՀ-ից) կրկին խաղաղություն խնդրի եւ մի քանի ամսով կամ մի քանի տարով հանգստանա: Կա՞ խաղաղություն հաստատելու այլ ճանապարհ: Դիմել համանախագահներին, Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային, որ սանձեն Ադրբեջանի ագրեսիան եւ թույլ չտա՞ն հայերի նոր ցեղասպանություն: Այդ ամենը մենք արդեն մի քանի անգամ անցել ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ