Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, դրա համար ենք մտել ՀԱՊԿ: Երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցին: «25 տարվա ընթացքում Արեւմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի արել»,- ասել է նա:

Առաջին հայացքից՝ շարքային այս հայտարարությունները կարելի է սենսացիոն համարել հատկապես վերջին տարիներին վարվող Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում: Ընդամենը մեկ ամիս առաջ նման հայտարարությունը Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցչի կողմից ուղղակի անհնարին կլիներ: Բավական էր փորձել խոսել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին, եւ Հայաստանի ցանկացած պաշտոնյա ժամերով կբացատրեր, կհիմնավորեր ու կհամոզեր, թե որքան բացառիկ ու անփոխարինելի անվտանգության համակարգ է ՀԱՊԿ-ն: Մինչդեռ այսօր հայտարարում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում է ոչ այն պատճառով, որ այն Հայաստանի համար գործունակ, երաշխավորված անվտանգության համակարգ է, այլ՝ որովհետեւ այլ վայրում «մեզ չեն սպասում»:

Իհարկե, կա նաեւ խնդրի հակառակ կողմը: «Այլ վայրում», այդ թվում ու հատկապես՝ ՆԱՏՕ-ում «մեզ սպասելու» համար Հայաստանը չպետք է իր արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ վարեր այնպես, որ ամեն ինչով նույնացվեր ու նույնականացվեր Ռուսաստանի հետ: Այսինքն` Հայաստանը վերջին տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի որեւէ այլ, ավելի լուրջ «վայրում» մեզ չսպասեն: Այսօր Հայաստանը, ըստ էության, աշխարհին ուղերձ է հղում առ այն, որ սխալվել է իր աշխարհաքաղաքական ընտրության հարցում:

Սա, ըստ էության, ուղերձ է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է վերանայելու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, ընդհուպ՝ մինչեւ անվտանգության համակարգի փոփոխություն: Բայց այդ ուղերձն իրավացիորեն պարունակում է նաեւ այն արձանագրումը, որ դրա համար Արեւմուտքը պետք է Հայաստանին երաշխիքներ տրամադրի, որոնք անցած տարիներին հայտարարություններից այն կողմ չեն անցել: Քառօրյա պատերազմը կտրուկ փոփոխությունների, սովորական պայմաններում ոչ սովորական լուծումներ որոնելու անհրաժեշտություն է առաջացրել: Միայն այդպիսի լուծումներով է հնարավոր ուղղել այն սխալները, որոնք իշխանությունը թույլ է տվել անցած տարիների ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ