Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Պատերազմը ճանապարհ է բացում ոչ միայն այն արժանի քաղաքացիների համար, որոնք այս պահին պատրաստ են անել ամեն ինչ՝ սկսած խրամատ փորելուց ՝ թշնաման դիմադրելու համար, այլեւ բազմաթիվ ինքնուս «քաղաքագետների», «ռազմագետների» եւ «դիվանագետների»։ Դժվար թե որեւէ մեկս ցանկություն ունենանք դատողություններ անելու, ենթադրենք, քվանտային Ֆիզիկայի մասին, բայց թե՝ ո՛ր ուղղությամբ պետք է գնան մեր ստորաբաժանումները, ո՞ր զինատեսակը պետք է օգտագործեն եւ ինչպես է պետք «Բաքվում թեյ խմել» ՝ դրա մասին ամեն մեկս ունի իր հստակ պատկերացումը։ Բայց չէ՞ որ ռազմական  գործը նույնպես գիտություն է։

Այստեղից-այնտեղից, կայքերից, Ֆեյսբուքից եւ «հետճաշային» խոսակցություններից տեղեկատվություն քաղելով՝ հնարավոր է, իհարկե, սեփական անձնական պատկերացումը կազմել իրավիճակի մասին։ Սակայն պարտադիր չէ այդ պատկերացումները «ձեւակերպել» ասուլիսների եւ հարցազրույցների տեսքով։ Դա, իհարկե, նկատվում է ոչ միայն ապրիլ|ան իրադարձություններից հետո՝ 25 տարի մոտավորապես նույն վիճակն է։

Այս ամբողջ ընթացքում ես լրագրող եմ աշխատում, եւ մարդիկ զրույցի բռնվելով, ինձ (իբր որպես տեղեկատվություն ունեցող մարդու) դիմում են հարցով... «Ճի՞շտ է, որ...», եւ հետո ներկայացնում են այնպիսի մի անհեթեթ բամբասանք, որ ես մի պահ կարկամում եմ եւ չգիտեմ, թե ինչ պատասխանեմ: Մասնավորապես, ինձ հարցնում են՝ Ճի՞շտ է, որ ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները հանձնում են Ղարաբաղը թուրքերին: Բայց եթե ասես, որ դա սուտ է, նրանք կսկսեն վիճել՝ «ո՞նց, դու ուրեմն բան չես հասկանում, էն օրը Հերմինե Նաղդալյանն է ասել»: Եվ ես «գիտակ մարդուց» դառնում եմ «տգետ», որին զրուցակիցներս պետք է հավելյալ տեղեկատվություն հաղորդեն:

Բայց 20 կամ 10 տարի առաջ չկար Ֆեյսբուք, չկային այս քանակությամբ կայքեր, ինչպես նաեւ մամուլի ակումբներ, որոնք ամեն օր կարիք ունեն «սփիքերների», իսկ մեր ոչ մեծ հանրապետությունում դժվար է ամեն օր գտնել այս կամ այն ոլորտի ոչ միայն մասնագետների, այլեւ քիչ թե շատ տեղեկացված մարդկանց։ Դրա համար էլ նույն մարդը կարող է խոսել թե ղարաբաղյան հիմնահարցի, թե փոքր ՀԷԿ-երի, թե արագաչափերի եւ թե սեռաբջիջների մասին։ Ոչ ոք, նույնիսկ Վերածննդի տիտանները, ի վիճակի չեն այդ բոլոր ոլորտներից միաժամանակ ունենալ հանրության ուշադրությանն արժանի մտքեր կամ դատողություններ։ Այդ առիթով փոքրիկ խորհուրդ տամ երիտասարդ գործընկերներիս՝ եթե մարդը գալիս է ասուլիսի, ասենք, «Ոսկե ծիրան» փառատոնի թեմայով, նրան էլեկտրաէներգիայի  սակագնի մասին  մի՛ հարցրեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ