Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ապրիլի սկզբին վարկերի միջին գինը գերազանցել է 19 տոկոսը։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում այն բարձրացել է 3,75 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ թեկուզ ոչ շատ, բայց փողի գինն իջեցնելով 0,5 կետով։ 

Այս պայմաններում թվում է, թե բանկերը պետք է արձագանքեին ԿԲ գործողություններին։ Սակայն տեղի է ունեցել հակառակը։ 
Թե ինչով է պայմանավորված տարեսկզբին վարկերի թանկացումը, դժվար է միանշանակ գնահատել։ Դրա վրա ազդող գործոնները սովորաբար բազմազան են, բայց հիմնական պատճառներից մեկը ներգրաված միջոցների գնի բարձրացումն է։ Որքան էլ տարօրինակ է, տարեսկզբին ներքին շուկայից ներգրավված գումարները նույնիսկ էժանացել են։ Եթե անցած տարվա վերջին ավանդների միջին տոկոսադրույքը 13,3 էր, ապա մարտին դարձել է 11,4 տոկոս։ 

Այլ կերպ ասած, ավանդների գինը երեք ամսում նվազել է գրեթե 1,9 տոկոսով, մինչդեռ վարկերը նույն ժամանակահատվածում թանկացել են 3,75 տոկոսով։ Դրա հետեւանքով զգալիորեն ավելացել է բանկային համակարգի մարժան։ Խոսքն այն եկամտի մասին է, որը բանկերը ստանում են ավանդների ներգրավման եւ վարկերի տրամադրման միջնորդական գործունեության իրականացման շնորհիվ։

Բանկային համակարգի մարժան մարտին հասել է գրեթե 7,7 տոկոսի։ Մի բան, որ շոշափելիորեն թանկացրել է տնտեսության մեջ ներգրավվող վարկերը։ 

Իհարկե, այդպիսի գործունեությունը բանկային համակարգում նորություն չէ։

Վերջիններս միշտ էլ փորձել են բանկային մարժայի միջոցով ապահովել բարձր եկամուտներ։ Ընդամենը երկու տարի առաջ, երբ ֆինանսական համակարգն անհամեմատ հանգիստ վիճակում էր, բանկային համակարգում ավանդների եւ վարկերի գնի տարբերությունը հասնում էր գրեթե 10 տոկոսի։ Ներգրավված ընդամենը 6,8 տոկոսանոց ավանդները բանկերը տեղաբաշխում էին վարկային 16,7 տոկոս միջին տոկոսադրույքով։

Թեեւ այս տարի բանկային համակարգի մարժան դեռեւս չի հասել այդ ցուցանիշին, այնուհանդերձ էապես գերազանցում է նախորդ տարվա վերջի մակարդակը։ Նշենք, որ 2015թ. դեկտեմբերին այն ընդամենը 2 տոկոսի սահմաններում էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ