Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսպես կոչված ոչ համակարգային ընդդիմադիրները պայքարի հարթություն է սահմանել՝ Սերժ Սարգսյանի եւ իրական «Հայաստանների» միջեւ: Գեղեցիկ է հնչում իհարկե, բայց թերեւս քիչ կապ ունի իրականության հետ:

Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանի Հայաստան գոյություն չունի: Գոյություն ունի Հայաստան, որում կա նաեւ Սերժ Սարգսյան: Այդ Հայաստանը նույնքան էլ ասենք Լֆիկ Սամոյինն է, Թոխմախի Մհերինը, Նեմեց Ռուբոյինը, գեներալներ Մանվելինն ու Սեյրանինը, շատերինը:

Հետեւաբար, պետք է մատնացույց անել նրանց դեմ պայքարի կոնկրետ մեխանիզմները: Ընդդիմությունը դրանց մասին կարծես թե լռում է: Գեղեցիկ բաներ նա շատ է ասում, երբեմն նաեւ քաղաքական իմաստով գեղեցիկ քայլեր է անում: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի իշխող համակարգը զուրկ է գեղագիտական ճաշակից: Այնտեղ միակ անճաշակը Տարոն Մարգարյանը չէ: Համակարգին ձեռնոց նետողները պետք է լինեն կոնկրետ՝ թեկուզ անճաշակ, բայց կոնկրետ՝ ինչպես լուծել քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների հարցը:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարը առաջին հերթին ենթադրում է հենց դա, քանի որ հենց այդ քրեաօլիգարխիան է Հայաստանի իշխող համակարգի պատվանդանը: Այս հարցում հանրությանը ներկայացվող հստակ առաջարկներ կարծես թե չկան: Կան որակումներ, գնահատականներ, թե ինչքան վատը, ինչքան ընչաքաղց, ինչքան բիրտ եւ հոռի է այդ շերտը, ինչպես է այն թալանում երկիրը եւ այլն: Այդ ամենը հասկանալի է արդեն բոլորին, եւ երեւի թե օլիգարխներն ու քրեական հեղինակություններն իրենք էլ հասկանում են այդ ամենը:

Հասարակությունը պահանջում է այդ ամենը հաղթահարելու կոնկրետ մեթոդներ, ուղիներ: Օրինակ՝ տարբերակ է այն, երբ փորձ է արվում այդ սեգմենտը մաս առ մաս ներգրավել, այսպես ասած, ընդդիմության շարքերը: Վերջին տարիներին ընդդիմություն կոչվածը Հայաստանում զբաղված էր նաեւ հենց դրանով: Ավելին՝ 2008 թվականի փետրվարյան տասնօրյակում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր պայքարի հիմնական շեշտը դրել էր հենց դրա վրա: Նա, ունենալով մեծ ժողովրդական զանգված, փորձում էր դրանով համակարգից պոկել տարբեր մասեր: Որոշ առումով դա նրան հաջողվեց, մի քանի բեկոր պոկվեցին, բայց դրանք շատ աննշան բեկորներ էին վճռորոշ ազդեցություն թողնելու համար: Հետո, հինգ տարիների ընթացքում, Տեր-Պետրոսյանը փորձեց պոկել ավելի մեծ բեկորին՝ Գագիկ Ծառուկյանին: Բայց դա նրան ոչ միայն չհաջողվեց, այլ ստացվեց այնպես, որ դրա հետեւանքով բեկորների բաժանվեց հենց Տեր-Պետրոսյանի կառույցը՝ ՀԱԿ-ը:

Այսինքն՝ համակարգը մասնատելու, օլիգարխիային սիրաշահելու կամ խորամանկելու միջոցով պառակտելու եւ որոշ մասին ընդդիմություն ներգրավելու մեթոդը Հայաստանում տապալվել է մի քանի անգամ: Անհրաժեշտ է նոր մեթոդ, սկզբունքորեն նոր տրամաբանություն:

Ասել, թե այնտեղ վատ Հայաստանն է, իսկ այստեղ լավը՝ եկեք այստեղ, ձայն տվեք այս Հայաստանին, շատ քիչ է եւ գրեթե նշանակում է ոչինչ չասել: Այդպես շատերն են ասել, ստացել են շատ ձայն ու այդ ձայները մսխել են արագ կամ դանդաղ: Հիմա արդեն այդպես ձայն ստանալ հնարավոր չէ, առավել եւս, երբ այդ բանն ասում են գործիչներ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ համակերպվեցին այն ընտրություններին, որ անցկացվեցին վատ Հայաստանում:

Այդ իրավիճակում իսկապես դժվար է գնալ նախագահական ընտրության եւ հաղթել: Ոչ թե դժվար, այլ գրեթե անհնար: Այդ իրավիճակում հանրությունը, գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, գնացողներից պահանջում է հաղթել, նոր գնալ որեւէ ընտրությունների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ