Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի օրերին ոմանց կողմից հայտնվող հույսերը, թե իշխանությունը դասեր կքաղի, հօդս ցնդեցին, ինչպես Ադրբեջանի կիրառած ռուսական «Սոլնցեպյոկի» մարտագլխիկներից արձակված փոշին: Պատերազմական մի քանի օրերին իշխանության ներկայացուցիչները, թվում էր` գիտակցել են իրենց գործունեության ու անգործության հանցավոր բնույթը, եւ գիտակցելով` համեմատաբար համարժեք վարքագիծ են դրսեւորում: Բայց հիմա սահմանին հարաբերական անդորր է, ու իշխանության ներկայացուցիչներն անցել են հակահարձակման: Ընդդեմ հասարակության, բնականաբար:

Որովհետեւ պատերազմի օրերին հարցեր բարձրացնողը հասարակությունն էր: Հասարակությունն էր նաեւ իր բարձրացրած հարցերին պատասխաններ գտնողը:

Որովհետեւ այդ օրերին իշխանությունները զուսպ էին ու չէին համարձակվում պատասխանել հասարակությանը: Իսկ հասարակության գտած պատասխանները հանգում էին իշխանության առանձին ներկայացուցիչների, գերհարուստ ներկայացուցիչների ունեցվածքի անօրինական ծագումնաբանությանը, դրանք պետությանը վերադարձնելու մեթոդներին: Հասարակությունը մտածում էր ու մտածում է իրենից գողացվածը վերադարձնելու մասին: Ու բնական է, որ իշխանության ներկայացուցիչներն անցել են հակահարձակման:

Որովհետեւ ադրբեջանական ագրեսիայի դեպքում հակահարձակվողը հասարակությունն էր` Զինված ուժերում ծառայող իր ներկայացուցիչներով, իսկ իշխանությունը` իր ներկայացուցիչներով, պատասխան հարվածներ է սկսել հասցնել հասարակությանը, որը, իրենց կարծիքով, միայն ընտրություններում գլխաքանակ ապահովելու ու իրենց բիզնեսների արտադրածը սպառելու ֆունկցիա ունի ու հարցեր բարձրացնելու ֆունկցիա չպետք է ունենար:

«Պաշտոնյաների խորհրդականներին եւ օգնականներին կրճատելու մասին պահանջները պոպուլիստական են»,- ասում է իշխանության` ինտելեկտուալ ներկայացուցչի համբավ ունեցող Դավիթ Հարությունյանը, ով սահմանադրություն գրելուց բացի՝ զբաղեցնում է նաեւ Կառավարության ղեկավար-նախարարի պաշտոնը: «Ինչքան որ ես եմ աշխատել այլ երկրներում, ո՛չ դու, ո՛չ քո ամբողջ շրջապատը, ո՛չ էլ քեզ ֆինանսավորողն էդ էլ չի կարա աշխատի:

Դրսից ես փող եմ բերել երկիր՝ ի տարբերություն ոմանց, որ այստեղ գողանում են ուրիշի ջեբից ու ձեզ են տալիս, իսկ ես դրսից եմ բերել»,- ասում է իշխանության` միանգամայն այլ համբավ ունեցող ներկայացուցիչ Վարդան Այվազյանը: «Մենք արդեն սկսենք ներքին քաղաքացիական պատերազմ մղել կամ սկսենք մերոնց կուլակաթափ անե՞լ ու դատարկե՞նք  Հայաստանը: Դա եք ցանկանո՞ւմ»,- ասում է իշխանության` ոչ այնքան որոշակի համբավ ունեցող մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով պաշտոնյաների ունեցած դղյակների, հարստության մասին հարցին:

Օրինակները կարելի է շարունակել, իշխանության ներկայացուցիչների ցինիկ հայտարարություններով վերջին օրերին հեղեղված է մամուլն ու համացանցը: Այդ եւ նման բոլոր հայտարարությունների իմաստը հանգում է հետեւյալին` լավ ենք արել՝ թալանել ենք, ու շարունակելու ենք թալանել:

Որովհետեւ Դավիթ Հարությունյանի համար հեղինակություն համարվող որեւէ մեկը նրան չի բացատրում, որ Հայաստանը միջին չափի կորպորացիայի մասշտաբի միավոր է, որը կարելի է արդյունավետ կառավարել մի քանի տասնյակ պրոֆեսիոնալներով` առանց որեւէ օգնականի ու խորհրդականի:

Որովհետեւ նույն կերպ Վարդան Այվազյանի համար «ավտարիտետ» համարվող որեւէ մեկը նրան չի բացատրում, որ «խոպանչու հոգեբանությամբ» երկիր չեն կառավարում, ու, որ նրա ունեցվածքի մասին համապատասխան ստուգումներ չեն կատարվել միայն այն պատճառով, որ ստուգողների ունեցվածքի օրինականությունը նույնքան կասկածելի է:

Որովհետեւ նույն կերպ որեւէ մեկը Հայաստանի խորհրդարանական իշխող խմբակցության ղեկավարի բարձր պաշտոնը զբաղեցնող Վահրամ Բաղդասարյանին հասկանալի աստիճանի պարզունակությամբ չի բացատրում, որ պետությունից թալանված միջոցներով կուտակված հարստության օրինականությունը պարզելը ոչ թե՝ քաղաքացիական պատերազմ է, այլ՝ հենց քաղաքացիական պատերազմը կանխելու միջոց: Ու չի բացատրում նաեւ, որ մի քանի տարվա ընթացքում մի քանի հարյուր հազար մարդով Հայաստանը «դատարկվել» է, ինչպես ինքն է ասում` «մերոնց» պատճառով:

Ապրիլյան պատերազմի արդյունքում խախտվել է ստատուս-քվոն ոչ միայն՝ ղարաբաղաադրբեջանական սահմանին, այլ նաեւ՝ Հայաստանի ներքին կյանքում: Ու մինչ ոմանք շարունակում են հուսալ, որ իշխանությունը կզբաղվի այդ խախտված ստատուս-քվոյի վերականգնմամբ սահմանագծին, իշխանության ներկայացուցիչները զբաղվում են ներքին ստատուս-քվոն վերականգնելով: Առջեւում ընտրություններ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ