Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում եւ այդ հանդիպման արդյունքները: Կարծում եք՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվե՞ն, թե՞ կմնան թղթի վրա: Ինչո՞վ է կարեւոր Վիեննան:

Վերջին հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Վիեննայում կարեւոր էր մի քանի պատճառներով: Նախ՝ կարեւոր էր այն, որ հանդիպումը կայացավ՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմը Ղարաբաղում, Ադրբեջանի լայնածավալ հարձակումը: Դա Ադրբեջանի ամենախոշոր հարձակումն էր 1994թ. զինադադարի հաստատումից հետո: Միայն փաստը, որ նախագահները հանդիպեցին՝ ինքնին շատ կարեւոր է:
Երկրորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Ռուսատանում՝ Սոչիում կամ այլուր, այլ Վիեննայում: Սա ռուսական դիվանագիտական նախաձեռնություն չէր, հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էր՝ հավասարապես թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Ֆրանսիայի ջանքերով:

Երրորդ կարեւոր գործոնն այն է, որ հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Քերին, ՌԴ արտգործնախարար Լավրովը, ինչպես նաեւ Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: Սա ավելի ներկայացուցչական դարձրեց հանդիպումը:
Չնայած այս ամենին, ես փոքր-ինչ թերահավատ եմ, քանի որ Ադրբեջանի նախագահը տվել է համաձայնություն հանդիպելու ՀՀ նախագահի հետ հունիսին, բայց պարտադիր չէ, որ կատարի իր խոստումը: Եվ վերջապես՝ Ադրբեջանը փոխել է իր դիրքորոշումը եւ համաձայնել է զինադադարի համաձայնագրի իրագործման մշտադիտարկմանը եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Այսպիսով, ՀՀ պահանջներից շատերը կատարվեցին այս հանդիպմանը, բայց վտանգ կա, որ Ադրբեջանը խաղում է ժամանակի վրա, եւ պարզ չէ, թե որքանով կկատարի իր խոստումը եւ թույլ կտա՞ արդյոք ստեղծել հետաքննության մեխանիզմները:

Նախագահների հանդիպումը կնպաստի՞ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը:

Այդ հարցը վերաբերում է Ադրբեջանին: Ադրբեջանը շարունակեց հարձակումները նույնիսկ հանդիպումից հետո, որի հետեւանքով, ցավոք, զոհվեց երկու զինվոր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից էր: Հետեւաբար, սա քննություն է Ադրբեջանի համար, թե որքանով է հավատարիմ իր խոստումներին:

Շատերը կարծում են, որ Վիեննայի հանդիպումը ՀՀ-ի դիվանագիտական հաջողությունն էր, քանի որ միջնորդները եւ Ադրբեջանը ընդունեցին Սերժ Սարգսյանի առաջադրած պայմաններից մի քանիսը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

Դա ոչ թե տեսակետ է, այլ փաստ: Հայաստանը դիվանագիտական տեսանկյունից ավելի ուժեղ դիրքերում էր անգամ Վիեննայից առաջ: Հայաստանի պահանջներից շատերը ընդունվեցին Վիեննայի գագաթնաժողովում: Այո՛, սա Հայաստանի դիվանագիտական հաղթանակ է, բայց գլխավոր խնդիրը, ինչպես արդեն նշեցի, այն է, թե հավատարիմ կլինի՞ Ադրբեջանը իր խոստումներին, թե՞ ոչ:

Ադրբեջանը ձախողվեց ռազմի դաշտում, այդ պատճառո՞վ է ստիպված վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Պարտադիր չէ, որ դա լինի պատճառը: Ես շարունակում եմ թերահավատ մնալ եւ շատ անհանգստացած եմ: Ադրբեջանն այսօր մեկուսացած վիճակում է, քանի որ նա է ագրեսորը եւ լուրջ սպառնալիք է առաջացրել տարածաշրջանային անվտանգության համար: Ալիեւը վերադարձավ դիվանագիտական դաշտ, գնաց Վիեննա: Առայժմ վաղ է ասել, թե ո՞րն էր սրա իրական պատճառը: Հնարավոր է՝ սա տակտիկական քայլ էր Ալիեւի կողմից՝ ժամանակ շահելու նպատակով, որովհետեւ իրականում չկա որեւէ բան, որն առաջիկա ամիսներին հետ կպահի Ադրբեջանին նոր հարձակումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ