Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ դեռ մեկ ամիս առաջ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է ավելի քան 700 հա տարածք՝ լրատվամիջոցները այդ տեղեկատվությունն ուղղակի շրջանցեցին՝ դա համարելով այդ պահին առավել ճիշտ մոտեցում։ Երբ դրանից օրեր անց այդ մասին հարց ուղղվեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, նա հեգնեց, թե՝ ինչով են հաշվել, «Գուգլ մափո՞վ»։ Իսկ երբ արդեն անցած շաբաթ Ժիրայր ՍԷֆիլյանը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է 7 միլիոն քմ տարածք՝ բազմաթիվ «ասֆալտի ֆիդայիներ», կենացային գեներալներ եւ, բնականաբար, չափազանց հայրենասեր հանրապետականներ, շտապեցին Սէֆիլյանին ազգի դավաճան համարել, թե բա՝ ինչպես կարելի է նման սուտ եւ դավաճանական հայտարարություններ անել։ Բայց երբ այդ մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը, «ձեռքի հետ» էլ այդ թիվը կլորացնելով-դարձնելով 800 հեկտար, վերը թվարկված բոլոր «սուտի հայրենասերները» լլկվեցին, եւ, բնականաբար, ՊՆ-ից էլ ոչ ոք չհարցրեց՝ իսկ ինչով էր Սարգսյանը հաշվել՝ «Գուգլ մափո՞վ»։

Բայց եթե միայն սսկվեին այս «հայրենասերները», դեռ ոչինչ, նրանք, սակայն, լծվել են Սերժ Սարգսյանի արձանագրած–վավերացրած կորուստների արդարացման գործին։ Մեկը մյուսին հերթ չտալով՝ ՀՀԿ–ականները հայտարարում են՝ ինչն է ավելի կարեւոր՝ հողակտորը, թե մարդկային կյանքերը, դրանք ոչ մի ռազմավարական նշանակություն չունեին, եւ էլի նման անհեթեթություններ։
Իսկ երեկ էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գերազանցելով բոլորին, հայտարարեց, թե «կորցրած հողը ամայի տարածք էր, չպետք է ծանրանալ այդ խնդրի վրա։ Սա, ինչպես ասում են, վերջն է։ 

Այո՛, ծանրանալ պետք չէ, պետք է թեթեւորեն հանձնել այդ «ամայի տարածքը», որի ազատագրման համար 1994թ. հայկական ուժերը 4 ամիս շարունակ կատաղի մարտեր են մղել, որոնց արդյունքում մենք ունեցել ենք 400 զոհ։ Թե այդքանից հետո ինչպես կարելի է բնորոշել այս հանրապետականի հայտարարությունը, թողնում ենք նրա ու նրա կուսակցապետի խղճին։ Սակայն մի բան նա, բոլոր հանրապետականներն ու մնացած «պացիֆիստները», որոնք այդքան մտահոգվում են զոհեր չտալու մասին, մոռանալով արդեն իսկ հեղված մեր 400 հերոսների արյունը, էլ չասած՝ ապրիլին այդ դիրքերում զոհված տղաների մասին, ահա, բոլոր այդ մարդիկ պատասխան են տալու։ 

Թող մի րոպե անգամ չմտածեն, որ այսպես հետկար առ հեկտար մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հողը հանձնելով թշնամուն՝ ի վերջո, կարողանալու են կոտրել մեր ժողովրդի ոգին ու պարտադրել պարտվողական համաձայնագիր։ Չի լինելու նման բան։ Վկան՝ ապրիլյան պատերազմում վիրավորված մեր քաջերն են, որոնք փափագում են օր առաջ վերադառնալ սահման՝ կիսատ գործն ավարտին հասցնելու։ Նրանց եւ մեր հայրենիքը սիրող քաղաքացիների համար այլեւս ակնհայտ դարձավ որ հանրապետական այս վարչախումբն ու հայրենասիրությունն անհամատեղելի երեւույթներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ