Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ի ուշ Երեկոյան 63 համարի ավտոբուսի պայթյունը շարունակում է բոլորի համար մնալ առեղծված:

«Ժողովուրդ»–ը փորձեց որոշ մանրամասներ պարզել քննության ընթացքից, ինչը առավել խորացրեց կասկածները։ Միակ հաստատ բանը, որ փորձաքննությամբ իրավապահները կարողացել են ապացուցել, այն է, որ ավտոբուսում պայթած Ռուբեն Բալյանը Կլարա Ոսկանյանի որդին է։ Ասել է, թե մայրությունն ապացուցված է։

Իսկ ի՞նչ է հայտնել Ռուբեն Բալյանի մայրը իրավապահներին։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ նա հայտնել է, թե որդին չի ցանկացել իր հետ ապրել, քանի որ կյանքը կապել է իրենց շենքի բնակչուհի Ինգա Ադամյանի հետ, որն ամուսին չունի։ Ու հենց այդտեղից էլ առաջացել է մոր ու որդու գժտությունը։

Ուշագրավ է այն տեղեկությունը, որ Կլարա Ոսկանյանը տարիներ առաջ վաճառել է Երեւանի Մալյան փողոցում գտնվող իրենց բնակարանը 67 հազար ԱՄՆ դոլարով եւ գումար չի տվել որդուն։ Որդին էլ պարբերաբար իր հետ այդ գումարի պահանջով խնդիրներ է ունեցել։ Ու թերեւս այդ վախով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ տիկին Կլարան որդու առջեւ ապրիլի 25-ին դուռը չի բացել։

«Ժողովուրդ»–ը պարզեց, որ Ռուբեն Բալյանի մանկության ընկեր Մանվել Բադիրյանին իրավապահները հարցուփորձ են արել։ Նա եղել է այն անձնավորությունը, որի հետ վերջին հեռախոսային խոսակցությունն է ունեցել Ռուբենը պայթյունից առաջ։ Քանի որ Ռուբենի մայրն իր որդուց մշտապես վախեցել է նաեւ նշված գումարի պատճառով, ապրիլի 25-ի երեկոյան զանգահարել է իր որդու ընկեր Մանվել Բադիրյանին եւ հայտնել, որ Ռուբենը իր դռան դեմը հարբած կանգնած է՝ խնդրելով օգնել որդուն հանգստացնել եւ տարածքից հեռացնել։

Եվ, ահա, Մանվել Բադիրյանն ապրիլի 25-ի գիշերը զանգահարել է իր ընկերոջը՝ Ռուբենին, եւ ասել, որ գա իրենց տան կանգառի մոտ՝ Նոր Նորքի 2-րդ զանգված, եւ երկուսով կգնան Ձորաղբյուրի իր ամառանոց։ Ռուբենը համաձայնել է գնալ Նոր Նորք, սակայն մոտ 20 րոպե անց, երբ Մանվելը զանգահարել է նրա բջջային հեռախոսին, Ոուբենն արդեն անհասանելի է եղել։ Ըստ այս փաստերի՝ ստացվում է, որ Ռուբենն ավտոբուսը պայթեցնելու միտում չի ունեցել, այլ սովորականի պես նստել է քաղաքային տրանսպորտ՝ ընկերոջ մոտ գնալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ