Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել փոխարտգործնախարար Կարասինի եւ Ֆրանսիայի դեսպանի, ու Մինսկի խմբի համանախագահներից ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպման մասին, որում խոսվել է նաեւ ղարաբաղյան հարցով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստության մասին: Ըստ հաղորդագրության՝ գագաթնաժողովը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում:

Թե ինչ գագաթնաժողովի մասին է խոսքը, ովքեր են մասնակցելու՝ դեռեւս խոսք չկա, սակայն փորձագետներն արդեն իսկ ենթադրում են, որ խոսքը հավանաբար վերաբերում է Պուտին-Սարգսյան-Ալիեւ գագաթնաժողովին, հունիսյան հանդիպմանը, որի վերաբերյալ արդեն իսկ հայտարարվել էր, սակայն որի ժամկետներն ու վայրը դեռեւս չեն հստակեցվել:

Այսպիսով, եթե Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովը վերաբերելու է Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը՝ Պուտինի մասնակցությամբ, ապա դա հարց է առաջացնում, թե արդյո՞ք դա կնշանակի Ռուսաստանի գլխավորությամբ եռակողմ ֆորմատի վերականգնում, որն առկա էր 2010 թվականից, եւ որն ավելի հայտնի դարձավ, այսպես ասած, Կազանյան պլանով: Այս տեսանկյունից, իհարկե, ապրիլյան պատերազմից հետո զարգացան բավական հակասական իրադարձություններ:

Ինչպես հայտնի է, որոշակի ակտիվություն ցուցաբերեց ՌԴ վարչապետ Մեդվեդեւը, որը հենց այդ եռակողմ ֆորմատի նախագահողն էր, այդ եռակողմ ֆորմատը ձեւավորվեց հենց նրա՝ ՌԴ նախագահության տարիներին: Ավելին՝ մայիսի 20-ին ԵՏՄ վարչապետների գագաթնաժողովի համար ժամանելով Երեւան, Մեդվեդեւը ավելի մեծ շեշտադրումներ էր արել հենց ղարաբաղյան թեմատիկայի վրա՝ Սարգսյանի հետ առանձին հանդիպելով այդ հարցի համար:

Այդ ընթացքում, իհարկե, տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումը, որից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, որ դա ամերիկյան նախաձեռնություն էր՝ միաժամանակ ասելով, որ Ռուսաստանը կշարունակի կողմերի միջեւ փոխզիջումներ որոնել: Եվ նաեւ օրերս Ադրբեջանի նախագահը Բեռլինում Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանն իրենց ռազմավարական գործընկերն է, եւ հույս ունեն, որ Հայաստանին կհամոզի «վերադարձնել» տարածքները:

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ռուսաստանը հերթական անգամ ձեռնամուխ է լինում իր պլանի իրագործմանը, որի բովանդակությունը Սերժ Սարգսյանը բացեիբաց ներկայացրել էր «Բլումբերգ» գործակալությանը ապրիլի 23-ին տված հարցազրույցում: Խոսքը Ադրբեջանին մի քանի շրջան հանձնելու, խաղաղապահների տեղակայման մասին էր, ընդ որում՝ Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դեպքում: Այդ պլանը վերադառնո՞ւմ է, թե՞ վերադառնում է որոշակի փոփոխված տարբերակը կամ մոդեռնիզացված, որի մասին հայտնել էր Լավրովը Վիեննայի հանդիպումից հետո:

Եվ սա՞ է պայմանը, որ Ադրբեջանը չի կրակում՝ սպասելով, որ Մոսկվան համոզի Հայաստանին: Ինչքա՞ն ժամանակով է այդ պայմանը, ե՞րբ է լրանալու Ադրբեջանի սպասելու ժամանակը, կամ ե՞րբ է Ռուսաստանը Բաքվին հերթական անգամ գրոհ սկսելու ազդանշան տալու՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո՞, թե՞ Ռուսաստանը պլանավորում է մի քանի հանդիպում ես:

Եվ ինչ է անելու այս իրավիճակում Արեւմուտքը, սպասելու են, որ Ռուսաստանի պլանը տարածաշրջանը նորի՞ց հասցնի պատերազմի, թե՞ պարզապես Արեւմուտքը հույս ունի այդ միջոցով արագացնել հրադադարի մեխանիզմների ներդրումը, իսկ դրանից հետո արդեն վերցնել նախաձեռնությունը՝ արդեն որոշակիորեն երաշխավորված լինելով պատերազմի բռնկումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ