Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում Պուտինի հովանու ներքո տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումով ձեռք բերվեց ժամանակավոր խաղաղություն: Այն, որ խաղաղությունը ժամանակավոր է, կարծեք թե ոչ ոք չի վիճարկում, կամ համենայն դեպս Սանկտ Պետերբուրգի հանդիպման վերաբերյալ գնահատականների մեծ մասում չի վիճարկվում, եւ դա փաստորեն ընդունվում է նույնիսկ իշխանական մակարդակում:

Մյուս կողմից, դա այնքան ակնհայտ իրողություն է՝ անկախ նույնիսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից, որ երեւի թե անհեթեթ կլինի վիճարկելն ու ասելը, թե կա հաստատուն խաղաղության հեռանկար:

Առնվազն այն, որ չկան պատասխանատվության նշաձողեր հրադադարը խախտող կողմի համար, արդեն իսկ նշանակում է, որ չկան Ադրբեջանին զսպող հուսալի երաշխիքներ: Եվ այստեղ, բնականաբար, առաջնային հարցը դառնում է այն, թե որ կողմն ինչպես է օգտագործելու ժամանակավոր խաղաղությունը, ով ինչպես է պատերազմի պատրաստվելու, թեկուզ հենց նույն խաղաղությունը մի քիչ ավելի երկար ժամանակավոր դարձնելու համար:

Եվ այս առումով Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո մենք պետք է հայացք ձգենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Ինչպե՞ս է այդ ժամանակը կամ ժամանակավորությունն օգտագործելու Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում՝ օգտագործելն այս դեպքում չի կարող ենթադրել միայն ներքին կյանքի փոփոխություններ, քանի որ ակնհայտ է, որ արտաքին մարտահրավերները կարող են ուժեղ լինել ցանկացած ներքին որակներից: Մենք ի վերջո դա տեսել ենք մի շարք հզոր թվացող պետությունների այսօրվա ճակատագրով: Խնդիրն այն է, թե մեր ներքին փոփոխությունները, ներքին կյանքի բարելավումը՝ ինքնին լինելով իհարկե առաջնահերթ խնդիր, այնուհանդերձ ինչ արտաքին քաղաքական նպատակների եւ հաշվարկների պետք է ծառայի: Եթե ներքին որակների բարելավումը պետք է ծառայի արտաքին կյանքում կրկին հայկական տարածքների, այսինքն՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության իրական երաշխիքների հաշվին ինչ-որ քաղաքական բանակցություններ վարելուն, այն էլ հասարակության աչքից ու ականջից թաքուն, ապա ներքին կյանքի բարելավումներ ասվածը դառնում է ընդամենը մանիպուլյացիա: Մենք բարելավվում ենք ԵԱՏՄ-ի համար, մենք բարելավվում ենք մեզ համար ըստ էության թշնամական պետությունների կամ առնվազն մեզ արհամարհած ունեցող պետությունների միջավայր հանդիսացող ՀԱՊԿ-ի՞ համար, մենք բարելավվում ենք հայկական անվտանգության հեռանկարների հետ սկզբունքային հակասություններ ունեցող «մադրիդյան սկզբունքների՞» համար: Մենք բարելավվում ենք այս ամենն առաջ տանելո՞ւ համար, կամ ինչպես սեպտեմբերի 3-ի առիթով էին ասում՝ ավելի արժանապատի՞վ խցկվելու կամ մտնելու համար, թե՞ մենք բարելավվում ենք, որպեսզի դնենք լիովին այլ քաղաքական նպատակներ, որպեսզի կառուցենք լիովին այլ սկզբունքների վրա հիմնված պետական քաղաքականություն: Եվ այդ ամենն էլ, ընդ որում, եթե բարելավվում ենք, ինչի նշանները այսօր չեն էլ նշմարվում: Թե՞ Հայաստանի իշխանությանը եւ քաղաքական ուժերին ժամանակավոր խաղաղությունը հետաքրքիր է միայն խորհրդարանական ընտրությունների շուրջ ներքին համաձայնությունները ավելի հանգիստ միջավայրում կայացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ