Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր անդրադառնալով հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգի խնդրին՝ ասել է, որ ավելի վստահելի գործընկեր այդ հարցում, քան Ռուսաստանն է, չենք տեսնում: Իրականում այս հայտարարությունը ընդգրկում է ավելի լայն իրողություն, քան զուտ ՀՕՊ համակարգի խնդիրը:

Հայաստանի գործընկերների եւ դաշնակիցների խնդիրը գերարդիական էր ապրիլյան պատերազմում, որի ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանն ըստ էության չունի դաշնակիցներ եւ գործընկերներ, որոնք նրա կողքին կլինեն անվտանգության սպառնալիքների իրական եւ մահաբեր բնույթի դեպքում: Դե յուրե Հայաստանն ունի, իհարկե, դաշնակից ու գործընկեր, սակայն միայն դե յուրե, իսկ դե ֆակտո այդ գործընկերը ավելի շատ ու ավելի պարտաճանաչ զենք է մատակարարում Հայաստանի հակառակորդին, քան Հայաստանին: Բայց սա չէ, իհարկե, հարցը, այս մասին էլ շատ է խոսվել, ու, ցավոք սրտի, դեռ առիթներ կլինեն խոսելու:

Հայաստանում կարիք կա խոսելու ընդհանրապես գործընկեր եւ դաշնակից պետությունների շրջանակի ձեւավորման անհրաժեշտության մասին: Եվ այս իմաստով պաշտպանության նախարարի հայտարարության մեջ խնդիրը բոլորովին այլ տեղ է, քան Ռուսաստանը եւ նրա վստահելիության մասին պնդման, այսպես ասած, հիմնավորվածությունը:

Խնդիրն այն է, որ Հայաստանն ինքը խնդիր ունի աշխարհին ներկայանալու որպես վստահելի գործընկեր: Ներկայումս Հայաստանի առաջ կանգնած խնդիրը հենց դա է, որի պարագայում է հնարավոր արդյունավետ կերպով լուծել Հայաստանի համար կարեւոր դաշնակցային եւ գործընկերային հուսալի, կայուն, երկարաժամկետ շրջանակի ապահովման խնդիրը:

Ժամանակակից աշխարհում պետությունները չեն կարող լինել առանց այդ շրջանակի: Առանց դրա մնացող պետությունների վիճակը մենք տեսնում ենք: Նույնիսկ ավելի հզոր պետություններ, քան Հայաստանը, զրկված լինելով նման շրջանակից՝ հայտնվում են ծանր քաղաքական իրավիճակներում: Հայաստանը պետք է լուծի այդ շրջանակի ձեւավորման խնդիրը, քանի որ ներկայումս գտնվում է մի շրջանակում, որը գործընկերության կամ դաշնակցության անվան տակ իրականում հակառակորդների, հակադիր շահերի կրողների շրջանակ է՝ անունը լինի ՀԱՊԿ, թե ԵՏՄ:

Սակայն Հայաստանն այլ շրջանակ, դաշնակիցներ ու գործընկերներ չի կարող գտնել, եթե ինքը չի կարողանում ներկայանալ այդպիսին, եթե ինքը չի կարողանում ներկայանալ մի պետություն, որն ունակ է հետապնդել իր շահերը: Հայաստանն ունակ չէ անգամ ձեւակերպել իր շահերը, ինչի վկայությունն է ղարաբաղյան խնդրում Հայաստանի դիրքորոշումը, անգամ ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանը կատարեց ճակատագրական սխալ, երբ հայկական բանակը պատժեց Ադրբեջանին այդ սխալի համար, սակայն հետո հայկական դիվանագիտությունը շարունակելով նույն մարտավարությունն ու մոտեցումները ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ Ադրբեջանին տվեց ռեաբիլիտացվելու հնարավորություն:

Պետությունը, որն իրեն այդպես է պահում ամենաճակատագրական հարցերում նույնիսկ, չի կարող աշխարհում ընկալվել, նույնիսկ դիտարկվել որպես դաշնակից ու գործընկեր: Այդպիսին դիտարկվում եւ ընկալվում են նրանք, որոնք ինքնիշխան են: Իսկ ովքեր ինքնիշխան չեն, այլընտրանք չունեն:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները թերեւս իրենք էլ չեն գիտակցում, որ հայտարարելով այլընտրանքի բացակայության մասին՝ իրենք պարզապես խոստովանում են, որ մսխել են Հայաստանի ինքնիշխանությունը, խոստովանում են ինքնիշխանության բացակայությունը, որովհետեւ ազատ եւ ինքնիշխան մարդն ու պետությունը երբեք չի հայտարարի, թե այլընտրանք չունի:

Այլընտրանքի բացակայությունը հայտարարություն է կապիտուլյացիայի մասին, առնվազն հոգեբանական կապիտուլյացիայի: Ազգային ժողովում ՀՕՊ համակարգի վավերացման հարցի քննարկմանը այդ մասին հայտարարել են նաեւ մի շարք քաղաքական ուժեր, այսպես ասած՝ ոչ իշխանական՝ դրանով իսկ ցույց տալով, որ հայկական քաղաքական իրականությունը՝ ըստ էության, առանձին բացառություններով, խոշոր հաշվով կապիտուլացված է երկու ծայրից էլ:

Հոգեբանական առումով կապիտուլացված ուժերը՝ թե՛ իշխանական, թե՛ դրանից դուրս՝ լանջերին, պարտերին կամ «ամֆիթատրոնում» տեղավորված, պետք է հեռանան դաշտից, քանի դեռ ֆիզիկական կապիտուլյացիայի տարածությունն ընդամենը 800 հեկտար է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ