Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Այս շաբաթ հասարակությունը եւ հատկապես ֆեյսբուքյան օգտատերերն ահագին զվարճացան պատգամավորական «սքեթչերով» եւ պատասխան «ռեպլիկներով»: Ասել, որ դա համաշխարհային խորհրդարանական պրակտիկայում արտառոց բան է, իհարկե, չափազանցություն կլիներ: Մյուս կողմից՝ ոչ նորմատիվ բառապաշարն, իհարկե, չի նպաստում ոչ մեր, ոչ էլ որեւէ այլ խորհրդարանների վարկանիշին: Չնայած հավանողներն էլ են շատ` «հալալ ա քեզ», «խզարեցիր», «սրանց բոլորին պետք ա…» եւ այլն:

Բայց ես ուզում եմ խոսել փոքր-ինչ այլ բանի` տատանումների («վիբրացիաների») մասին: Ինձ թվում էր, որ Հռոմի պապի այցը գոնե մի քանի օրով մարդկանց հոգիները կտրամադրի այլ՝ ավելի բարձր «տատանումների» կամ «հաճախականության»: Ինչ-որ բանից, ի վերջո, պե՞տք է երեւա, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք: Թե՞ պարզապես «տղաներ» ենք ու «աղջիկներ», որոնք բախտի ինչ-որ քմահաճույքով հավաքվել են մի փոքրիկ հողատարածքում` հատուկ իրար խոցելու համար:

Փողոցում մի քաղաքացի «բռնացրել էր» Հրանտ Բագրատյանին եւ արտասանում էր 25 տարի կրկնվող, ավանդական տեքստերը՝ «թալանեցիք, զավոդները փակեցիք» եւ այլն: Ի՞նչ պետք է դրան պատասխանի նախկին վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորը, գիտությունների դոկտորը: Ինձ թվում է՝ նա պիտի քաղաքացուն խաղաղություն, երջանկություն եւ առողջություն մաղթեր: Բայց ոչ, պատգամավորն սկսում է նույն կրքով բացատրել, որ նա չի թալանել եւ գործարաններ է բացել (որն, ի դեպ, տվյալ դեպքում ճիշտ է): Պարզ է, որ պրոֆեսորը եւ փողոցում «մուննաթ էկող» քաղաքացին հայտնվել են նույն «հաճախականության» վրա, որի պարագայում կոնֆլիկտն ու հրմշտոցն անխուսափելի են:

Շատ բաներում նրանք տարբեր են, բայց նրանց միավորում է այն, ինչ կոչվում է «հոգու վիբրացիաներ»: (Հոգեբանները, հոգեւոր կյանքի հետազոտողները կարող են տալ դրա գիտական բացատրությունները): Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը՝ անկախ նրանից, թե ով է ճիշտ կամ սխալ, ով է ավելի կամ պակաս կարդացած, նրանք բոլորն իրենց շփումներում գտնվում են դանդաղ, «ծանր» տատանումների ոլորտում:

Որպեսզի մինչեւ վերջ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, եկեք պատկերացնենք, որ փողոցով քայլում է Տիգրան Մանսուրյանը, եւ նրան մոտենում է մի բորբոքված քաղաքացի ու սկսում է կրքոտ տոնով մեղադրել՝ «դու վատ երաժշտություն ես գրում»: Կոմպոզիտորը դրան պատասխանելու է մոտավորապես այսպես՝ «հա, ջանիկս, ճիշտ ես ասում, կաշխատեմ հետագայում ավելի լավ գրել»: Որովհետեւ նա այլ «հաճախականության» վրա է գտնվում: Որովհետեւ նրա ուշքն ու միտքը երաժշտություն գրելն է, ոչ թե խոցվելը կամ ուրիշին խոցելը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ