Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում լավ չհասկացան ու, առավել եւս՝ համարժեք չգնահատեցին ռուս-թուրքական ջերմացման հերթական ակտը: Հայաստանում, բոլոր այն շրջանակներում, որոնք ի պաշտոնե ու հանգամանքների բերումով պարտավոր են հասկանալ ու գնահատել դա, բացակայում է ոչ միայն՝ համարժեքությունն ու գնահատելու կարողությունը, այլեւ օբյեկտիվությունը: Նույն այն օբյեկտիվությունը, որի պահանջով մի քանի ամիս թշնամացած երկու մեկուսացված պետությունները կրկին նետվեցին միմյանց գիրկը: Չհասկացան ու, առավել եւս՝ չգնահատեցին, որ Հայաստանը՝ ռուս-թուրքական հերթական սիրախաղի արդյունքում՝ հայտնվելու է «ապօրինի զավակի» կարգավիճակում (Ռուսաստանի կողմից, բնականաբար), որին ցանկացած պահի կարող են դուրս շպրտել՝ հանուն մյուսի՝ Թուրքիայի օրինական ու արյունակից «զավակի»՝ Ադրբեջանի:

Չհասկացան ու, առավել եւս՝ չգնահատեցին, որովհետեւ իրենք են Հայաստանը հասցրել այդ կարգավիճակին: Չհասկացան ու, առավել եւս՝ չգնահատեցին, որովհետեւ չհասկանալու ու չգնահատելու համար են շարունակում լինել այն իշխանությունը, որը Հայաստանն առկախել է քմահաճույքից, բախտից՝ ռուս-թուրքական հարաբերություններից, Պուտինի կամ Էրդողանի կամքից, ամեն ինչից, բացի սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորությունից: Չհասկացան ու չգնահատեցին, դրա համար էլ շարունակում են Հայաստանը պահպանել Եվրասիական միությունը կոչվող ռուս-թուրքական հավաքատեղիում:

«Ղազախստանն ու Ադրբեջանը կարեւոր դեր են խաղացել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասում է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ շնորհակալություն հայտնելով Նազարբաեւին ու Ալիեւին: Չավուշօղլուի շնորհակալությունն իրականում Հայաստանի դատավճիռն է, այն բանի արձանագրումը, որ Հայաստանը գտնվում է մի կառույցում, որի անդամների մի մասն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված է եղբայրաբար, մյուսները՝ ռուսներն ու բելառուսներն էլ՝ ճակատագրով, աշխարհաքաղաքական շահով ու իզգոյությամբ: Ու մինչ Չավուշօղլուն արձանագրում է այդ իրողությունն ու շնորհակալություն հայտնում Ալիեւին, Հայաստանի պաշտոնյաները շարունակում են բոլորին համոզել, որ, եթե Հայաստանը չմտներ ԵՏՄ, ապա ավելի վատ կլիներ:

Հայաստանը ողբերգականորեն կախված է պատահականություններից ու ուրիշների քմահաճույքից: Բարեկամների ու թշնամիների: Բայց ավելի շատ՝ թշնամիների: Ինչպես, օրինակ՝ Էրդողանը, որի՝ Պուտինին ուղղված մի ներողությունը բավական էր, որպեսզի Հայաստանը կրկին հայտնվի ռուս-թուրքական բարեկամությանը զոհաբերվելու սպառնալիքի ներքո: Ո՞ր կողմից կգա այդ սպառնալիքը՝ երկրորդական է. գուցե Ղարաբաղից, կարող է՝ Նախիջեւանի կողմից, հնարավոր է՝ ավելի մոտիկից, քան պատկերացնում ենք:

Այդպես է լինում, երբ պետությունը դարձնում են հատկապես այնպիսի երկրի վասալ, որը պատմականորեն, աշխարհաքաղաքական շահերով ու մնացյալով կապված է այն թշնամու հետ, որից փրկելու միֆական անփոխարինելիության վրա կառուցել է իր հետ թվացյալ բարեկամությունը, որը հայերն այդքան գորովանքով անվանում են ռազմավարական դաշնակցություն:

Հայ-ռուսական հարաբերություններն այս տեսքով ու բովանդակությամբ վերածվել են Հայաստանի համար ռազմավարական սպառնալիքի: Բայց դա չեն հասկանում ու, առավել եւս՝ չեն գնահատում: Որովհետեւ չհասկանալու ու, առավել եւս՝ չգնահատելու համար Ռուսաստանը վճարում է: Մեկին՝ իշխանությամբ, մյուսներին՝ իշխանության գալու հույսերով, մնացածներին՝ կայսերական գործակալի սնափառությամբ: Իսկ հասարակությունն այս ամենին հետեւում է անտարբերությամբ ու հերթական անգամ իրական հայրենիքը պատմականի վերածելու ենթագիտակցական հույսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ