Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այլեւս ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների միջնորդները փորձում են գործընթացն արագացնել՝ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հասնելու նպատակով: Հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին օրերին հնչած հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա շաբաթներին պլանավորում են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ նոր հանդիպում կազմակերպել, որի ընթացքում արդեն հնարավոր բանակցությունները կթեւակոխեն կոնկրետ փաստաթուղթ քննարկելու փուլ:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս արագացման պատճառը ապրիլի քառօրյա պատերազմն է, բայց իրականում ստեղծված իրավիճակն ավելի լուրջ է: Կասկածից վեր է, որ միջնորդների համար ակնհայտ է՝ եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի կառավարման համակարգը լրջագույն փոփոխության է ենթարկվելու, եւ անկախ նրանից՝ գործող իշխանությունները կլինեն ղեկի մոտ, թե ոչ, ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները ներկայիս ֆորմատով այլեւս չեն կարողանա շարունակվել:

Հայաստանը ներկայացնող պաշտոնյան, տվյալ դեպքում ապագայում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլեւս հնարավորություն չի ունենա միանձնյա որոշում կայացնելու: Հետեւաբար բանակցությունները կթեւակոխեն անվերջության փուլ: Ուստի նման պայմաններում լրիվ սպասելի է միջնորդների ձգտումը՝ փորձել առաջիկա ամիսներին խնդիրը վերջնականապես լուծել՝ Սերժ Սարգսյանից զիջումներ կորզելով:

Արդյոք Հայաստանի իշխանություններին կհաջողվի ստեղծված իրավիճակում խուսափել փաստաթուղթ ստորագրելուց եւ բանակցությունները երկարաձգել մինչեւ եկող տարվա ԱԺ ընտրությունները, առաջիկա ամիսներին պարզ կդառնա»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ