Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ժամանակակից Սինգապուրի հիմնադիր Լի Քուան Յուն կարծում էր, որ իսկական ժողովրդավարության համար պետք է, որ բնակչության գոնե կեսը ստանա ամիսը 5000 դոլար եւ լավ կրթված լինի։

Ենթադրենք։ Իսկ ի՞նչ է պետք, որ բնակչությունը լինի այդքան կրթված եւ բարեկեցիկ։ Ենթադրում եմ, որ... ժողովրդավարություն։ Եթե ոչ, ապա ո՞րն է դրա այլընտանքը։ Որ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գան մարդիկ, որոնք ներքուստ այնքան ազնիվ, անշահախնդիր եւ հայրենասեր կլինեն, որ չեն մտածի իրենց, իրենց ընտանիքների եւ շրջապատի հարստացման մասին, հավասար պայմաններ կստեղծեն բոլոր գործարարների համար, եւ այդ՝ հրաշքով հայտնված անզուգական մարդկանց բարեմասնությունների շնորհիվ երկիրն այնքան կբարգավաճի, որ քաղաքացիների կեսը կստանա 5000 դոլարից ավելի ամսական աշխատավարձ ու կզբաղվի ինքնակրթությամբ։

Չգիտեմ, գուցե աշխարհում նման դեպքեր եղել են, բայց Հայաստանում դա բացառված է։ Ստացվում է, որ մեր երկրում բարեկեցիկ կյանքի համար պետք է ժողովրդավարություն, բայց, ըստ Սինգապուրի նախկին վարչապետի, ժողովրդավարությունը  հնարավոր  է միայն  բարեկեցիկ  երկրում։

Հավի ու ձվի այդ «անհաղթահարելի դիալեկտիկայից» դուրս գալու ելքը, հավանաբար, աստիճանական անցումն է, որտեղ խթանն, այնուամենայնիվ, քաղաքական փոփոխությունները պետք է լինեն։ Եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն «կայուն մեծամասնություն» չստանա, ապա դժվար թե դա բերի ժողովրդավարության եւ առավել եւս՝ 5000 դոլարանոց աշխատավարձի, բայց շատ հավանական է՝ դա դրական ազդանշան կլինի, մարդիկ կհասկանան, որ քաղաքական մենաշնորհը հավերժ չէ՝ հետեւաբար կարող են վերանալ նաեւ տնտեսական մենաշնորհները։ Դա քայլ կլինի դեպի տնտեսական ազատությունը։

Խոսքը հենց ընտրությունների մասին է։ Պալատական հեղաշրջումը ոչինչ չի տալիս՝ այդ պարագայում ցանկացած այլ կուսակցություն կլինի «ՀՀԿ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ