Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրացավ 10 օրը, ինչ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավված է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից: Անցած օրերին բազում իրադարձություններ են եղել, տրամադրությունները գնալով ավելի էմոցիոնալ են դառնում:

Եվ հուլիսի լույս 26-ի գիշերը կրկին կրակոցներ հնչեցին գնդի տարածքում, սակայն այս անգամ դրանք ոչ միայն օդ, այլ նաեւ ուղղված էին ՊՊԾ գնդից դուրս եկած եւ ինքնագլուխ դեպի ոստիկանության պատնեշը շարժվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում, «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից երկուսը՝ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը, ոտքերից վիրավորվեցին: Հետագայում նրանց տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Արդեն օրվա վերջում նրանց մեղադրանք առաջադրվեց, եւ որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանավորումը: Իսկ ՊՊԾ գնդի հարեւանությամբ՝ Խորենացի փողոցում, ամեն երեկո կազմակերպվող մարդաշատ բողոքի ակցիաները շարունակվում են:

Դատելով դրանց ընթացքում հնչող ելույթներից՝ կազմակերպիչները չգիտեն հետագա գործընթացները ինչպես տանել. ելույթներն իրար հակասում են, անելիքների մասին պատկերացումները` բացակայում: Մեկն ասում է, թե գրոհելու է, մյուսը տուն է ուղարկում մարդկանց` արժանանալով քաղաքացիների քննադատությանը: Իսկ ելույթները իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված լուտանքներ են ու վերջ: Իրենց բովանդակությամբ էլ հիշեցնում են ընդդիմության՝ 2003 թվականից ի վեր կազմակերպվող հանրահավաքները:

Սակայն ամենակարեւոր հարցի պատասխանն այդպես էլ չի հնչում. ինչպես է հնարավոր ստեղծված իրավիճակը հանգուցալուծել եւ հասնել իշխանափոխության, եթե հանկարծ Ս. Սարգսյանը հրաժարական չտա:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հարթակում գտնվողներից շատերի մոտ տեսակետ կա, թե ամեն կերպ պետք է ճեղքել Խորենացի փողոցում առկա ոստիկանական պատնեշը, մտնել ՊՊԾ գնդի տարածք՝ «Սասնա ծռեր» խմբավորման մոտ, եւ միասին դուրս գալ փողոց` այդպիսով Սերժ Սարգսյանին ուժով ստիպելով հրաժարական տալ: Իշխանություններն էլ, բնականաբար, ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ծրագիրը:

Թերեւս դա է պատճառը, որ հիմա իրավիճակը երկկողմանի փակուղային է: Հ. Գ. Երեկ՝ կեսգիշերն անց՝ ժամը 2:00-ի սահմաններում, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ