Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստան ներթափանցած փոփոխությունների ալիքը դեռեւս մակընթացություն կամ տեղատվություն չի ապրել։ Հայտնի է միայն, որ այն ներթափանցել է ու առաջիկայում ունենալու է սիմվոլ։

Այլ տեղեկություններ չեն հրապարակվում։ Ինչպես որ դեռեւս չի հրապարակվել սիմվոլիկ կառավարության ծրագիրը։ Բայց հրապարակվել, ներկայացվել ու լսվել են նոր կառավարության մասին բոլոր հույսերն ու սպասելիքները, որոնց հեղինակների հետ իռացիոնալության մրցույթում կպարտվեին անգամ Ժյուլ Վեռնը, Մորը, մնացած բոլոր սյուրռեալիստները։ Բայց կառավարության գործունեությունը, ի տարբերություն ֆանտաստիկ գրականության կամ ավանգարդիզմի, ենթադրում է կոնկրետություն, պետք է լինի չափելի՝ քանակապես, եւ գնահատելի՝ որակապես, եւ արտահայտվի ծրագրի տեսքով։ Դրանից հետո միայն հնարավոր է ու կարելի է արտահայտել հույսի առկայծումներ, արձակել ոգեւորության ճիչեր ու զարթոնքի հառաչանքներ, ապրել այն էքստազը, որն արդեն մի քանի օր է՝ ապրվում է իշխանական, եւ ոչ միայն՝ իշխանական գործիչների շուրթերով։

Ու հիմա արդեն իսկ արտահայտված ոգեւորության ու ծլարձակված սպասումի պայմաններում կառավարությունը պետք է ներկայացնի ծրագիր, որը, երկրի տնտեսության առջեւ ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությանը համապատասխանելուց առաջ, պետք է համապատասխանի դիրեկտիվ լավատեսության չափանիշերին։ Ծրագիրը, իհարկե, կներկայացվի ու չի համապատասխանի այդ չափանիշերին, կպարունակի ոչ թե լավատեսություն, այլ ծանր ժամանակների սպասում, ու այդպիսի պարունակումներով լավ նյութ կդառնա փոփոխությունների սիմվոլիզմի քարոզիչների համար՝ ներկայացվելով որպես քաղաքական լավատես մեծամասնությանը հակադրվելու համարձակություն։ Ու կառավարության, չափելի մատերիաների հետ աշխատող մարմնի մասին լիրիկական զեղումների շքահանդեսում չեն հնչի շատ կոնկրետ հարցեր, որոնց պատասխաններից է կախված ոգեւորվողների սպասումների իրականացումն ու սազանդարների վճարը նաեւ, հավանաբար։

Կարողանալո՞ւ է արդյոք նոր կառավարությունը ոչ միայն՝ ծրագրի գեղեցիկ շարադրմամբ, այլեւ դրա ցավոտ  իրագործմամբ ապահովել ֆորմալ ինստիտուտների գերակայությունը Հայաստանում բոլոր հարաբերությունների կարգավորման մեխանիզմ հանդիսացող ոչ ֆորմալ ինստիտուտների նկատմամբ։

Կկարողանա՞ արդյոք կառավարությունն ապահովել օրենքի գերակայությունը «պայմանավորվածությունների» նկատմամբ, սահմանադրական նորմի գերակայությունը՝ քրեական համաձայնությունների նկատմամբ, ազատ մրցակցության կանոնների գերակայությունը՝ աշխատասենյակներում որոշվող սահմանաչափերի նկատմամբ, տնտեսական վեճերի լուծման դատական ինստիտուտի գերակայությունը՝ տնտեսական հարցերում «ճշտով» հարցեր կարգավորող պրոտեկցիոնիստների նկատմամբ…

Կկարողանա՞ կառավարությունն ապահովել պետության հաղթանակը թայֆայի նկատմամբ, թե՞ ոչ, մի խոսքով։ Ահա այս հարցերից ու վերջին՝ ամենակարեւոր հարցի պատասխանից է կախված կառավարության գործունեության հաջողությունը։

Ընդ որում, այդ հարցի դրական պատասխանի համար որեւէ ծրագիր պետք չէ, դրա համար Կարեն Կարապետյանը պետք է սեղանին դնի ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը եւ անջատի բոլոր հեռախոսները՝ չընդունելով ոչ տեղական, ոչ միջազգային զանգեր։

Բայց այդ հարցերի ու այդ հարցի բացասական պատասխանն այնքան ակնհայտ է, որքան նոր կառավարությամբ ոգեւորված ՀՀԿ-ական կանանց աչքերի փայլարձակումը։

Պատասխանը բացասական է, որովհետեւ, եթե ճիշտ ենք հասկացել, Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել ոչ թե՝ ՀՀԿ-ի պարտության ու հհկասպասարկների անազատության, այլ ճիշտ հակառակի ապահովման նպատակով։ Դրա համար էլ ի սկզբանե հայտարարվել է՝ որպես փոփոխությունների սիմվոլ, եւ ոչ թե՝ իրականացնող։

Սիմվոլների կարեւոր հատկությունը պայմանականությունն ու փոխաբերականությունն է։ Ինչպես քարից հաց քամող հայը կամ կախարդական փայտիկը, որն արդեն քանի օր է՝ պտտվում է փոփոխությունների սպասողների մտածումներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ