Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ըստ էության ավարտել է նոր կառավարության ձեւավորումը՝ նախօրեին կատարելով մի շարք նոր նշանակումներ եւ վերանշանակումներ: Ամենահետաքրքրականը սակայն շարունակում է մնալ չնշանակված:

Խոսքը վերաբերում է Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին: Այս պաշտոններն են մնացել նոր կառավարության կազմում, որ սպասում են նշանակումների: Այս պաշտոնների կապակցությամբ մամուլում վերջին շաբաթներին եղել են իրարամերժ եւ հակասական մի շարք տեղեկություններ՝ կապված եւ´ գործող նախարարների կամ ժամանակավոր պաշտոնակատարների հետ, եւ´ նրանց հավանական փոխարինողների: Շոշափվել են պաշտպանության նախարարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի, մինչեւ անգամ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունները: Սարգսյանի անունը ի դեպ շոշափվել է նաեւ արտաքին գործերի նախարարի պաշտոնի հավակնորդ որպես:

Ամենաինտրիգային այս նշանակումների հարցը հավանաբար պարզ կլինի առաջիկա մի քանի օրերին: Սպառվում է կառավարության ձեւավորման քսանօրյա ժամկետը, ՀՀԿ խոսնակն էլ նախորդ շաբաթ հայտարարել է, որ մինչեւ շաբաթվա վերջ կունենանք արդեն ձեւավորված կառավարություն:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը ամենավերջին է թողել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնները, որոնք, ըստ էության, առանցքային նշանակություն ունեցողն են կառավարության փոփոխության այս գործընթացում: Եվ սա իհարկե կապված չէ զուտ ոլորտային գործոններով եւ կարեւորությամբ: Ոլորտներն ինքնին հիմնարար են ցանկացած երկրի համար, սակայն Հայաստանի համար առավել եւս եւ հատկապես ներկայիս ժամանակահատվածում:

Ըստ էության՝ հայաստանյան համակարգային խնդիրները այսօր սերտորեն հանգում են ինքնիշխանության խնդրին: Իսկ ինքնիշխանության խնդիրը անկասկած հիմնավորապես պարփակվում է այս երկու նախարարությունների տիրույթում, այս ոլորտներն են, որ ըստ էության հանդիսանում են ինքնիշխանության հարցում ամենազգայուն, հետեւաբար նաեւ ամենանուրբ ազդակներ հաղորդող ոլորտները:

Եվ ուրեմն, ներկայումս իշխանական համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիաները խոշոր հաշվով չափվելու են հենց երկու այս նշանակումների համատեքստով: Ավելի շուտ, այս համատեքստով է չափվելու կառավարության եւ ընդհանրապես ներիշխանական լայն վերադասավորումների բովանդակային, համակարգային խորությունը եւ հեռանկարայնությունը: Ըստ էության՝ պաշտպանության եւ արտաքին գործերի ոլորտների նախարարական նշանակումները լինելու է կնիքը, որ դրվելու է նոր կառավարության վրա եւ որ նախանշելու է, թե իրականում ինչ հեռանկարներ ունի եւ´ այդ կառավարությունը, եւ´ բնականաբար այդ կառավարության գործերը, այդ թվում եւ՝ ներքին տնտեսական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ