Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ նոյեմբերին սպասվող կուսակցական համագումարի ընթացքում կարող է լինել կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն: Թե ինչ են ենթադրում այդ փոփոխությունները, ՀՀԿ խոսնակը չի ասել: Սակայն, ամենայն հավանականությամբ այդ փոփոխությունները նշանավորելու են այն ուղենիշները, որոնք առկա էին սեպտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանի ելույթում, երբ նոր վարչապետին ներկայացնելով ՀՀԿ-ին, նա հայտարարեց նաեւ, որ նրա հետ քննարկել է նաեւ կուսակցությանը նոր ոգի հաղորդելու հարցը: Ով կամ ովքեր են հեռանալու կուսակցության ղեկավար կազմից եւ ովքեր են անդամակցելու ղեկավար կազմին: Կարեն Կարապետյանը կդառնա՞ ՀՀԿ ղեկավար կազմի անդամ, թե ոչ:

Ըստ էության, այն, ինչ հայտարարել էր Սերժ Սարգսյանը սեպտեմբերի ութին, անխուսափելի է դարձնում Կարեն Կարապետյանի անդամակցումը ՀՀԿ-ին: Կարապետյանը չի կարող նոր ոգի տալ մի կուսակցության, որի անդամը չէ: Նոր ոգի տալու համար, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը, նա պետք է անդամակցի, դառնա ՀՀԿ անդամ: Այս առումով հարցը այն է, թե արդյո՞ք Կարապետյանի հետ միասին ՀՀԿ անդամ են դառնալու նաեւ այն նախարարները, որոնք եկել են որպես նրա թիմ, որոնք այսօր տեխնոկրատներ են: Թե՞ Կարապետյանի թիմը ձեւավորվելու է ՀՀԿ-ի ներսում վերադասավորումների արդյունքում, իսկ տեխնոկրատները շարունակելու են իրենց զուտ մենեջերական գործունեությունը:

Մյուս կողմից հետաքրքրական է, թե ինչ է լինելու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կառավարությունից հեռացած նախկին նախարարների, մասնավորապես՝ Գագիկ Բեգլարյանի հետ, որոնք եւս ՀՀԿ ղեկավար կազմի անդամ են: Մամուլում տեղեկություններ են եղել, որ Բեգլարյանը կարող է եւ դուրս մնալ ՀՀԿ գործկոմի կազմից: Միեւնույն ժամանակ, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանը նեղացած չեն եւ կընդգրկվեն ՀՀԿ քաղաքական պրոցեսների մեջ: Սակայն պարզ չէ, թե ինչ կարգավիճակով:

Այսպիսով, մի բան ակնհայտ է, որ կառավարության վերադասավորումները կամ կառավարությամբ սկսված վերադասավորումներն արդեն տեղափոխվում են ՀՀԿ, եւ նոյեմբերին արդեն կարտահայտվեն կուսակցության ղեկավար կազմում վերադասավորումների տեսքով: Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե ինչ իրավիճակի պետք է հանգեցնեն դրանք՝ ՀՀԿ-ում կձեւավորվի նոր կառավարության երաշխավորված քաղաքական հենարանը, թե՞ ՀՀԿ-ում կձեւավորվի նոր կառավարության ըստ էության ոչ առերեւույթ, սակայն ամենաէական ընդդիմությունը:

ՀՀԿ-ում ստատուս-քվոն հաստատ կփոխվի, խնդիրն այն է, թե ում օգտին՝ Հովիկ Աբրահամյանին կհաջողվի՞ ՀՀԿ-ում հետ բերել կառավարությունում կորցրածը, թե՞ նա կշարունակի կորցնել նաեւ ՀՀԿ-ում: Այս դեպքում, Հովիկ Աբրահամյանն անշուշտ խորհրդանշում է ներիշխանական համակարգային մի ողջ սեգմենտ, այդ թվում իհարկե ՀՀԿ-ի շրջանակներից դուրս, ինչը նշանակում է, որ դա արդեն կլինի ընդհանրապես ներհամակարգային ստատուս-քվոյի փոփոխության դրսեւորում: Այսպես թե այնպես, ակնհայտ էր, որ գլխավոր ճակատամարտի վայրը լինելու է ՀՀԿ-ն եւ կառավարությունն ընդամենը «նախավարժանքն» էր: Իսկ ՀՀԿ-ում «բլից-կրիգի» հավանականությունն իհարկե փոքր է, այլապես Սերժ Սարգսյանը կսկսեր ոչ թե կառավարությունից, այլ ինչպես ինքն էր դեռեւս Տիգրան Սարգսյանին հորդորում՝ խնդիրը «գլխից կբռներ», այսինքն՝ ՀՀԿ-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ