Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մի քանի ամսից կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, եւ այն հեքիաթները, որոնցով մարդկանց կերակրում էին 25 տարի, հնչելու են ավելի հզոր ուժով: Հեքիաթներ, որոնք պատմում են բոլոր քաղաքական ուժերը` անկախ իրենց «ճամբարային պատկանելությունից»:

Բովանդակությունը պարզ է` մենք ամեն ինչ կանենք, որ դուք ավելի լավ ապրեք: Ինչպե՞ս: Էապես կբարձրացնենք աշխատավարձերն ու թոշակները: Հեքիաթ է` թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության շուրթերում. այս վիճակում ոչ մի կառավարություն նման արկածախնդրության չի գնա:

Կիջեցնենք հարկերը: Պոպուլիզմ է` հարկերը պետք է հավասարակշռել. իջեցնել դրանք փոքր բիզնեսի համար եւ բարձրացնել նրանց համար, ովքեր գերշահույթներ են ստանում, ինչպես նաեւ բարձրացնել գույքահարկը դղյակների եւ պալատների տերերի համար:

Բայց ամենավնասակար հեքիաթը, որով կերակրում են հիմնականում 50-ից բարձր մարդկանց, հետեւյալն է. հեսա ներդրողներ կգտնենք եւ կաշխատեցնենք «Նաիրիտը», «Վանաձոր-քիմպրոմը» եւ մնացած խորհրդային արդյունաբերական հսկաները: Այդ սուտը հրամցնում են միշտ, բայց հատկապես՝ ընտրություններից առաջ:

Ես հասկանում եմ, որ Կոմունիստական կուսակցությունը կարող է իր՝ ներկայումս փոքրաթիվ ընտրազանգվածին նման «կուտ տալ» եւ գուցե դա անում է անկեղծորեն: Բայց երբ դա անում են մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, դա արդեն ցինիզմ է: Պետք է քաջության ունենալ եւ ուղիղ նայելով քաղաքացիների աչքերին՝ ասել, հրաժարվեք, ժողովուրդ, «Նաիրիտը» եւ նմանատիպ այլ գործարանները վերագործարկելու պատրանքներից։

Ինչո՞ւ է հատկապես այդ՝ «զավոդ բացելու» առասպելը վնասակար։ Որովհետեւ այն սխալ է կողմնորոշում մեր հասարակության դյուրահավատ եւ որոշակի կարոտախտ ունեցող զանգվածին, հագուրդ է տալիս նրա կրավորական երազանքներին՝ «մի զավոդ բացեին, գնայի՝ աշխատեի»։ Նման բան մոտակա մի քանի տասնամյակում տեղի չի ունենա, չի կարելի մարդկանց խաբել ՝   ասելով,  թե դա հնարավոր է։

Թե իշխանությունը, թե ընդդիմության եւ թե քաղաքացիների զգալի մասը «աշխատատեղ» բառի տակ հասկանում են լույսի-գազի մարդու կամ սուպերմարկետի վաճառողի, այսինքն ՝ վարձու աշխատողի, բայց ոչ՝ մարդու, որն իր ընտանիքի, ընկերների եւ հարեւանների հետ ինչ-որ բան է նախաձեռնում ու արտադրում, եւ դա կարող է լինել շատ փոքր, բայց արդյունավետ եւ, կարեւորը, յուրահատուկ արտադրություն։ Իհարկե, ամենացավալին այն է, որ իշխանությունները դա չեն հասկանում, վերջերս ընդունված հարկային նոր օրենսգիրքն ապացուցում է, որ իշխանությունը ինչպես խեղդում էր, այնպես էլ շարունակում է խեղդել  փոքր  բիզնեսը։

Բայց խանգարում է նաեւ այն, որ մարդիկ պառկում են դիվաններին եւ երազում «զավոդների» մասին: «Զավոդներ» չեն լինելու, լինելու են start-upեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ