Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Ցավոք սրտի, որովհետեւ Վերին Լարսը հայաստանյան տնտեսության, բիզնեսի համար կարեւոր ճանապարհ է, քանի որ այդ բիզնեսը անցնող տարիների ընթացքում տարբեր ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներով ըստ էության գերակշիռ մասով կապվել է միայն ռուսական շուկային: Եվ այս իմաստով, ըստ էության սեզոնային է դարձել Հայաստանի ողջ տնտեսությունը:

Վերին Լարսի «փակման» սեզոնի այս բացումը տխուր խորհրդանշականությամբ համընկավ Հայաստանում օրերս կազմակերպված եվրասիական տնտեսական ինտեգրացիայի եւ հայ-ռուսական հարաբերությունների թեմայով քննարկումներին, որոնց մասնակցում էին ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԵՏՄ տարբեր պաշտոնյաներ: Եվ նրանք, ներառյալ նաեւ Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսում էին այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն տնտեսական մեծ ներուժ, իսկ Հայաստանն էլ, ըստ Պուտինի խորհրդական Գլազեւի, ունի Եվրասիական ինտեգրացիայի կենտրոն դառնալու ներուժ: Եվ ահա ընդամենը երկու-երեք օր անց, եղանակը ցույց տվեց, թե իրականում ինչպիսին է այդ ներուժը:

Հայաստանը ունի Ռուսաստանի հետ կապի, Եվրասիական տնտեսական տարածության հետ տրանսպորտային կապի տարրական խնդիրներ: Խնդիրներ, որոնք ըստ էության որեւէ կերպ կապված չեն Հայաստանից: Միաժամանակ ավելի հուսալի կապի խնդիրը եւս դուրս է Հայաստանի ենթակայությունից, քանի որ վերաբերում է վրաց-աբխազական կամ ռուս-վրացական հարաբերություններին: Խոսքը աբխազական երկաթուղու մասին է: Եվ այս պայմաններում նույնիսկ կույրը չի կարող չտեսնել, որ Հայաստանի տնտեսական փոփոխությունների կարեւոր ելքերից մեկը տնտեսության այսպես ասած ուղղվածության հարաբերակցությունը փոխելն ու Հայաստանի տնտեսությունը Վերին Լարսի «ձնակույտից» դուրս բերելն է:

Ակնհայտ է, որ առաջիկա հարյուրամյակներում Վերին Լարսի բարձրությունը ծովի մակերեւույթից չի ենթարկվելու փոփոխության եւ Լարսը շարունակելու է մնալ սեզոնային: Ակնհայտ է, որ առաջիկայում չկան նաեւ ռուս-վրացական հարաբերությունների այնպիսի վերանայման հեռանկարներ, որոնք կբերեն աբխազական երկաթուղու գործարկման:

Հայաստանին մնում է երկու բան՝ կամ գնալ ղարաբաղյան հարցում այնպիսի զիջումներին, որոնց դիմաց Ադրբեջանը կհամաձայնի բացել դեպի Ռուսաստան առավել կայուն ճանապարհ, կամ պարզապես գնալ Հայաստանի տնտեսության համակարգային այնպիսի խորքային փոփոխությունների, որը կբերի մի իրավիճակի, երբ հայկական տնտեսության մեջ ռուսական շուկայի դերը կնվազի եւ Հայաստանի տնտեսությունը կդադարի կրել սեզոնային բնույթ, գտնելով նոր շուկաներ եւ ուղղվելով դեպի դրանք Իրանի եւ Վրաստանի ճանապարհներով:

Կարծում ենք պարզ է, թե բոլոր առումներով՝ եւ հեռանկարների, եւ անվտանգության, Հայաստանի համար կա շահավետ մեկ ընտրություն՝ փոխել տնտեսության բնույթն ու տեսակարար կշիռը: Որովհետեւ, խնդիրը նույնիսկ միայն ճանապարհները չեն: Ռուսաստանի տնտեսությունն ունի ծանր խնդիրներ եւ այնպիսի իրավիճակում է, որ ոչինչ չունի Հայաստանին տալու՝ ոչ սպառողական շուկայի, ոչ ներդրումային ներուժի առումով: Հայաստանն ունի ինտենսիվ, անդադար աշխատանքի երեք ուղղություն՝ Եվրաատլանտյան ուղղությունը, իրանական ուղղությունն ու Չինաստանը: Սակայն, մինչ այդ Հայաստանը կարիք ունի նախ դուրս գալ փոսից, որ կոչվում է ԵՏՄ եւ որը Հայաստանին ըստ էության չտալով ոչինչ, հանդիսանում է «ֆորպոստը» վերահսկելու ինստիտուցիոնալ գործիք:

Եվ ահա այս պայմաններում, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շարունակում են խոսել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մեծ ներուժի մասին, եւ նույնիսկ նոր կառավարության մակարդակով, մնում է միայն տարակուսել «պրիմիտիվ իրողություններին» համարժեքության մասով, որովհետեւ Հայաստանը միայն «պրիմիտիվ գողությունների» դեմ պայքարով չի կարող զարգանալ, Հայաստանին պետք է առնվազն «պրիմիտիվ համարժեքություն» աշխարհաքաղաքական իրողություններին եւ զարգացումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ