Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ շուրջ երկուսուկես ամիս տեւած կայունությունից հետո Հայաստանի բենզինի շուկան նորից թանկացավ։ Հերթական անգամ գները լիտրի հաշվով 10 դրամով բարձրացան։

«Գները միաժամանակ բարձրացել են ինչպես «Ֆլեշի», այնպես էլ «Սիթի Պետրոլ Գրուպի» բենզալցակայաններում։ Իսկ սա նշանակում է, որ թանկացումների ալիքը արագորեն ընդգրկելու է նաեւ շուկայի մյուս մասնակիցներին։ Լինելով վառելանյութի շուկայի հիմնական դերակատարները՝ այս երկու ընկերությունների իրականացրած գնային քաղաքականությունը սովորաբար որոշիչ է մյուսների համար։

Հերթական թանկացումից հետո մայրաքաղաքի բենզալցակայանների մեծ մասում «ռեգուլյար» տիպի բենզինն այլեւս վաճառվում է 450, «պրեմիումը»՝ 470 դրամով։ «Սուպեր» տեսակի բենզինի լիտրի գինը հասավ 500 դրամի։

Այս անգամ գնային փոփոխություն տեղի չի ունեցել դիզելային վառելանյութի շուկայում։ Հիմա էլ այն վաճառվում է հիմնականում 440 դրամով։

Վառելանյութի շուկայում սա այս տարվա առաջին թանկացումն է։ Բայց հազիվ թե կարելի է կարծել, որ վերջինը կլինի։ Չէ՞ որ վառելանյութի գների փոփոխություն Հայաստանում հաճախ է լինում։ Իհարկե գները ոչ միայն բարձրանում են, այլեւ երբեմն-երբեմն նվազում։ Այդպես եղավ մասնավորապես նախորդ թանկացումից առաջ, բայց գների նվազումը շատ կարճ տեւեց՝ ընդամենը երկու-երեք շաբաթ։

Վառելանյութի շուկան ավելի շատ գտնվում է գնաճային ճնշման տակ։ Միայն անցած տարվա ընթացքում, համաձայն պաշտոնական վիճակագրության, բենզինի գինը Հայաստանում բարձրացել է 18 տոկոսով։

Շատ ավելին էր գնաճը դիզելային վառելանյութի շուկայում։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում դիզելային վառելանյութի գինը բարձրացավ գրեթե մեկ քառորդով։ Սա լուրջ գնաճային ճնշում է, ինչն էլ իր հերթին բնականաբար բացասաբար է ազդում գյուղատնտեսական մթերքների գնագոյացման վրա։

Վառելանյութի հայաստանյան շուկայի գնային դրսեւորումները սովորաբար առաջին հերթին պայմանավորված են համաշխարհային զարգացումներով։ Իսկ այստեղ վիճակը դարձյալ սկսել է լարվել, չնայած վերջին տարիներին վառելանյութի շուկայում կայունություն հիմնականում չի էլ նկատվում»,- գրում է «Հայոց աշխարհը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ