«Բջնին» խոշոր հարկատուների մեջ ոչ թե 49-րդն է, այլ` 569-րդը

«Առավոտ»

07:47, 04.08.2012

«Առավոտը» գրում է, որ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում, որն օրերս է հրապարակվել, «Բջնի հանքային ջրերի գործարանը» զբաղեցնում է 49-րդ տեղը եւ ըստ այդմ, գործարանը վճարել է մոտ 900 միլիոն դրամ:

«2010 թվականին այս գործարանը Վարչական դատարանի վճռով վաճառվել է, որը 4 միլիարդ 67 միլիոն 201 հազար 600 դրամով գնել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող  «ՌՌՌ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն: 1000 խոշոր հարկատուների ցանկում, այս «ՌՌՌ հանքային ջրերի գործարանը», որը զբաղվում է Բջնի հանքային ջրերի արդյունահանմամբ եւ իրացմամբ, զբաղեցնում է 569-րդ տեղը` մոտ 71 միլիոն դրամ հարկային վճարներով:

Հաշվի առնելով, որ նույն գործարանը տարբեր անուններով տարբեր ծավալի հարկեր է վճարել, «Առավոտ»-ը պետեկամուտների կոմիտեից փորձեց ճշտել, թե «Բջնի հանքային ջրերի գործարանի» վճարած մոտ 900 միլիոն դրամ հարկն արդյոք աճուրդով վաճառված գործարանի դիմաց վճարվող գումարի մի մասն է: Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, Ռուբեն Հայրապետյանը պետք է «Բջնի հանքային ջրերի գործարանի» մոտ 4 միլիարդ դրամը մաս-մաս վճարի, որից արդեն վճարել է 500 եւ 900 միլիոնը:

Գրավոր հարցմանը պետեկամուտների կոմիտեն ըստ էության չպատասխանեց. «Ի պատասխան Ձեր հարցման, հայտնում ենք, որ «Բջնի հանքային ջրերի» գործարանը հարկային պարտավորությունների դիմաց` 2012թ-ի հուլիսի 1-ի դրությամբ, պետական բյուջե է վճարել է 901 մլն. դրամ հարկեր եւ վճարներ»:

«Առավոտ»-ը նորից հարցում կատարեց պետեկամուտների կոմիտե եւ նորից հստակեցրեց հարցը` արդյոք դա գործարանի վաճառքի գումա՞րն է, սակայն պետեկամուտներից ասացին` ավելացնելու ոչինչ չունենք:

Այս թեմայով