Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«ՉԻ» տեղեկություններով՝ երեկ բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցությունում։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Առիթը եղել է ԱԺ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որի տակ ստորագրել է միայն մեկ պատգամավոր՝ «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Թեւան Պողոսյանի առաջարկած օրինագծի շուրջ ՀՀԿ-ն անհանգստություն հայտնում։ Բանն այն է, որ օրենքի գաղափարն ու դրա իրական «տերը» հանդիսանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Վերջինս պարզապես վատ է զգացել նախագծի տակ դնել իր ստորագրությունն այն պարզ պատճառով, որ չերեւա, թե ինքն է շահագրգիռ իր իսկ լիազորությունների մեծացման համար։

Արտակ Զաքարյանը ՀՀ ԱԺ՝Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, ով խնդրել է իր ընկերոջը՝ Թեւան Պողոսյանին, շրջանառության մեջ դնել մի օրինագիծ, որը հակասահմանադրական տարրեր է պարունակում։ Բանն այն է, որ նախագծի փոփոխությամբ նախատեսվում է Ազգային ժոդովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովին տալ հետեւյալ լիազորությունը. «Օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների եւ/կամ/ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ մինչեւ նշանակման երկիր մեկնելը կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների հետ...»։

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը պետք է դեսպան նշանակի, հետո այդ դեսպանը օրենքի ուժով «բերման ենթարկվի» ԱԺ հանձնաժողով։ Եվ հետո՞, եթե հանկարծ պարզվի, որ այդ արդեն նշանակված դեսպանը այն չէ կամ էլ Արտակ Զաքարյանի ճաշակով չէ, ի՞նչ պիտի արվի։ Հենց այս կետից բաղկացած նախագիծը հակասահմանադրական է, որովհետեւ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ երկրի արտաքին քաղաքականության պատասխանտուն հանդիսանում է հանրապետության նախագահը։

Իրականում Արտակ Զաքարյանն ուզում է իրեն ու իր հանձնաժողովին օժտել «սուպեր հանձնաժողովի» կարգավիճակով, ինչն էլ հնարավորություն կտա Զաքարյանին իր անձնական ամբիցիաները որոշակիորեն բավարարել։ Զաքարյանն ապրում է ապագա արտգործնախարարի ամբիցիաներով, եւ սա է պատճառը, որ նա ուզում է ինքն իրեն «ռասկրուտկա» անել՝ դեսպաններին իր մոտ բերել տալով»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Տպել
Ամենաշատ