2012 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկություն տարածվեց, որ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան 2013-ին կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Դա պայմանավորվում էր ՀՀ ներքաղաքական իրադրությամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետությունից հրաժարվելու եւ եվրաինտեգրման ճանապարհը որդեգրելու հանգամանքներով։ Սակայն, մեր տեղեկություններով, ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը։ Պատճառաբանությունը բավականին հակիրճ է՝ ՀՀ-ն չի բավարարում ծրագրի չափանիշներին։ Ըստ ամենայնի, ԱՄՆ մտադրությունների վրա էական ազդեցություն է ունեցել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, գուցե նաեւ դրանով է պայմանավորված վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարելիք այցի հետաձգումը։
ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան, թե՝ ՀՀ-ում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վերսկսման գործընթացը ո՞ր փուլում է, եւ ճի՞շտ է արդյոք, որ ամերիկյան կողմը մերժել է ՀՀ-ին՝ վերսկսել ծրագիրը, հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը մշտապես աշխատել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ, եւ մշտապես գոյություն ունի ծրագրում ընդգրկվելու հնարավորությունը։ «Գոյություն ունեն չափորոշիչներ, որոնց մեծ մասին ՀՀ-ն այսօր բավարարում է։ Երբ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կբավարարի սահմանված չափորոշիչներին, հնարավորություն կընձեռվի վերսկսել բանակցությունները ՝ ծրագրում ընդգրկվելու համար»,– նշել են կառավարությունից»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):