Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խիստ վիրավորված է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից։ Բանն այն է, որ տիկին Սարգսյանը, կարելի է ասել, քրեական հանցագործության մասին հաղորդում է տվել «Առավոտի» դեկտեմբերի 19-ի «Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ» հրապարակմամբ եւ նշել, որ պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ։

 ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանի ուսումնասիրությամբ՝ «Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի՝ ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում։ Այսինքն՝ եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչեւ նրա հետ պայմանագիր կնքելը՝ նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի եւ կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին։ Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա հիմնականում նրա հետ չեն կնքում պետական պատվերի պայմանագիր։ Որոշ բուժհաստատություններ իրենց մի քանի միլիարդը (3-4 մլրդ) ստանում են իրենց կապերի շնորհիվ, որոշ բուժհաստատություններ՝ ատկատների շնորհիվ, որոնք հիմնականում վճարվում են առողջապահության նախարարության բարձրաստիճան չի֊նովնիկներին, իսկ որոշներն էլ (հիմնականում մարզային բուժհաստատությունները) ստանում են խղճուկ գումարներ»։

Տիկին Սարգսյանի այս հոդվածը կարդալուց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց, շատ է զարմացել. «Որովհետեւ նման երեւույթ ուղղակի գոյություն չունի»։ Ինչպե՞ս է հնարավոր ապացուցել, որ նման երեւույթ գոյություն չունի՝ մեր այս հարցադրմանը նախախարն էլ իր հերթին հարցադրում արեց. «Իսկ ինչպե՞ս կարող է տիկին Լյուդմիլան ապացուցել, որ նման բան կա։ Ես բացառում եմ, որ այս խնդիրը կա, հատկապես, որ խոսքը վերաբերում է նախարարին, նախարարությանը եւ պետպատվերի տեղադրմանը»։ Պարոն Դումանյանը կասկածի տակ դրեց, որ անցյալում, իրենից առաջ եղած նախարարների ժամանակ, գուցե եւ եղել է, բայց ինքը եկել է ու բացառել այդ երեւույթները։

Նախարարը վստահեցրեց, որ անպայման դատի է տալու տիկին Սարգսյանին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ