Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ չգործարկված լուծարվում է Գյումրիի տեխնոպարկը. այս հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Գյումրիի տեխնոպարկը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հայկական աշխարհ կառուցելու «գերնորարական» ծրագրերից մեկն էր, եւ հիմա այն պարզապես հօդս է ցնդում։

Տիգրան Սարգսյանը Գյումրիի տեխնոպարկի ծրագիրը ներդրեց իր պաշտոնավարման հենց սկզբում. 2008թ. հունիսի 12-ին կառավարության նիստում հաստատվեց  «Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին» հավանություն տալու մասին որոշումը։ Նախատեսված էր, որ Գյումրիի տեխնոպարկը պետք է զարգացներ զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը, նորաձեւությունն ու տեքստիլ արդյունաբերությունը, արվեստը, ոսկեգործությունը, արհեստագործությունը եւ այլն։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս ծրագիրը փուչիկ է, եւ կառավարությանը չի հաջողվի այն իրականություն դարձնել։ Սակայն իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում Տիգրան Սարգսյանը փորձում էր հակառակն ապացուցել։
Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարությունն այսօր հակառակն է պնդում. ծրագիրը չի իրականացվել, իսկ տեխնոպարկը գործելու մասին Տիգրան Սարգսյանի հայտարարություններն ուղղակի սուտ են։ Այս ամենն ակնհայտ է դառնում Տեխնոպարկը լուծարելու մասին կառավարության որոշման նախագծի հիմնավորումներից, որոնց մեջ նշված է, որ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ում պետական բաժնեմասը կազմում է 49,02 տոկոս, եւ հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչ օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար եւ առաջարկել է, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի  համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ