Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 «Ժամանակ» թերթը գրում է. «Խոշոր գործարարների կամ օլիգարխների հետ Հովիկ Աբրահամյանի, այսինքն՝ նրանցից մեկի հանդիպումը, ըստ էության, ազդարարեց, որ Հայաստանն անցնում է արտակարգ ռեժիմի պայմանների: Ռուսաստանի տնտեսությունն էապես սկսել է զգալ տնտեսական պատժամիջոցների ծանրությունը: Այդ ծանրությունը սկսել է արտահայտվել նաեւ Հայաստանի քաղաքացիների վրա, որոնք աշխատում են Ռուսաստանում: Շատերն արդեն անսպասելի կերպով վերադարձել են, քանի որ նրանց աշխատատեղերի մի մասը փակվել է:

Սրանք, իհարկե, դեռ ծաղիկներն են այն հետեւանքների, որ ռուսաստանյան տնտեսությունը զգալու է արեւմտյան պատժամիջոցների պատճառով՝ վճարելով Պուտինի ամբիցիաների համար: Իսկ ռուսական տնտեսության կցորդի վերածված Հայաստանը, ըստ էության, այդ ամենի հետեւանքներից անմասն չի մնալու: Հովիկ Աբրահամյանը օլիգարխիային առաջարկում է ըստ էության պատրաստվել այդ վատթարին:

Այստեղ իհարկե նկատելի են Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի տարբերությունները: Այստեղ նրա, այսպես ասած, պրագմատիկությունն ընդգծվում է: Ի տարբերություն Տիգրան Սարգսյանի՝ Հովիկ Աբրահամյանը պատրանքներ չունի, թե Ռուսաստանի ճգնաժամից փախչող կապիտալը գալու է Հայաստան: Եվ նա, ըստ էության, օլիգարխներին առաջարկում է պատրաստվել սեփական կապիտալը հանելուն, որովհետեւ հակառակ դեպքում մեծանում է բունտի հավանականությունը՝ եւ՛ սոցիալական վիճակն է լարվելու, եւ՛ նաեւ հեղափոխական զանգվածը Ռուսաստանից կամաց-կամաց տուն է վերադառնալու: Եվ որպեսզի այդ ամենին հնարավոր լինի պահել, օլիգարխներին հարկ կլինի սեփական կապիտալը օֆշորներից վերադարձնել Հայաստան, գոնե մի մասով: Այսինքն՝ որպեսզի բոլորիս վերջը վատ չլինի, ավելի լավ է մի քիչ գումար հանենք մեր գրպանից այսօր, ըստ էության, ասում է Հովիկ Աբրահամյանը օլիգարխներին՝ նախապատրաստելով նրանց վատթարին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ