Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. ««Ճիշտ ա ասե վարչապետը»,- «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը: Խոսքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կառավարության ծրագիրը ներկայացնելի արած հայտարարության մասին էր:

Վարչապետն ասել էր. «Ստվերը բոլորիս թշնամին է, եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ եւ հետեւողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից»:

Այս հայտարարությունը Ձեզ չի վախեցնում` հարցին պատգամավորը հպարտ կեցվածք ընդունեց եւ ասաց. «Իհարկե` ոչ, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ: Ավելի լավ, մենք սեփականատեր ենք, մենք աշխատում ենք, եւ աշխատում ենք շատ պարզ: Իմիջայլոց, ինքը շատ թափանցիկ աշխատողների նկատմամբ, ընդհակառակը, արտոնություններ ձեւակերպեց: Հույսով ենք, որ մենք կօգտվենք էդ արտոնություններից»:

«Իմ վրայով վարչապետը բան ա՞ հայտարարել»,- այսպես արձագանքեց ՀՀԿ-ական նախարար Գագիկ Բեգլարյանը մեր հարցին: Ապա լսելով վարչապետի հայտարարությունից մեջբերումը գործարարներին ստվերային դաշտ բերելու մասին` ասաց. «Ասել ա, ուրեմն կանի: Ես հավատում եմ մեր վարչապետին»: Նկատեցինք, որ ինքն էլ գործարար: Նախարարը արագ արձագանքեց. «Ես միշտ եղել եմ հարկային դաշտում ու ամենաօրինական հարկատուն եմ եղել»: «Առավոտի» դիտարկումն այն մասին, որ երեկ վարչապետը նաեւ հայտարարեց, որ պաշտոնն ու բիզնեսն անհամատեղելի են ու նման մարդիկ իրենց հետ անցնելու ճանապարհ չունեն, մինչդեռ Գագիկ Բեգլարյանն այժմ ուղղակիորեն հաստատեց, որ ինքը համատեղում է պաշտոնն ու բիզնեսը` մնաց անպատասխան: «Ժամանակ չունեմ, մնացած հարցերը…»,- ասաց Գագիկ Բեգլարյանն ու մտավ ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի աշխատասենյակ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ