Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին Աստանայում պետք է ստորագրվի Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը, որը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Արդեն հայտարարվել է, որ Աստանա է մեկնելու նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն մի բան պարզ չէ՝ նա ստորագրելո՞ւ է պայմանագիրը, եւ հենց այնտեղ Հայաստանը միանալո՞ւ է դրան, թե՞ ոչ: Չենք կարող բացառել, որ կլինեն նույնպիսի անակնկալներ, ինչպիսին եղել են հայ-թուրքական արձանագրությունների, Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունների տեսքով:

Այսինքն՝ հասարակությունը ոչինչ չի իմանա, եւ ոչինչ չի հայտնվի հասարակությանը, ու հանկարծ մեկ էլ կարող է հայտնի դառնալ, որ Հայաստանն ինչ-որ բան է հայտարարել կամ ինչ-որ բան է ստորագրել: Այնպես որ մայիսի 29-ը, ըստ էության, լինելու է հերթական խորհրդավոր ամսաթիվը հայաստանյան նորագույն պատմության մեջ, ըստ որում՝ այդ ամսաթվերը, որպես կանոն, եղել են ամոթալի, խայտառակ իրադարձությունների ամսաթվեր, եւ այս իմաստով, եթե մայիսի 29-ը համալրի այդ շարքը, լինելու է հենց այդպիսին:

Եվ ոչ միայն խորհրդավոր, այլ նաեւ, ցավոք սրտի, խորհրդանշական: Խորհրդանշական այն տեսանկյունից, որ Հայաստանը մայիսի 28-ին կնշի Առաջին անկախ հանրապետության տոնը, իսկ մայիսի 29-ին ըստ էության կստորագրվի կամ կարող է ստորագրվել մի փաստաթուղթ, որը «կնշանավորի» Հայաստանի երրորդ հանրապետության անկախության կորուստը կամ կորստի գործընթացի մի հանգրվան:

Եվ ուրեմն մնում է հարցը ձեւակերպել հետեւյալ կերպ՝ ինչ մտադրություններ ունի Ռուսաստանը Հայաստանի մասով Աստանայի գագաթնաժողովին ընդառաջ, եւ ինչի՞ համար են Սերժ Սարգսյանին հրավիրել Աստանա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ