Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական դիպուկահարները սպանել են երկու հայ զինծառայողի՝ պայմանագրային ծառայողների:

Վերջին շրջանում այսպիսի տեղեկությունները ստացվում են տագնապալի հաճախականությամբ: Գրեթե շաբաթ չկա, որ մարտական հենակետերում, դիրքերում մենք զոհեր չունենանք: Վստահ ենք, որ ադրբեջանցիներն էլ ստանում են հատուցումը, ստանում են պատասխանը, սակայն դա չի կարող մխիթարություն լինել կորստի համար, քանի որ մենք կորցնում ենք մեր զինվորներին, մեր որդիներին, եղբայրներին, հայրերին, ընկերներին: Մենք կորցնում ենք մեր ամենաթանկ ռեսուրսը՝ մարդուն: Եվ ինչ է սա, եթե ոչ՝ պատերազմ:

Վերջին շրջանում բոլորը խոսում են պատերազմի հավանականության մասին, հատկապես ուկրաինական իրադարձություններից հետո, երբ Ռուսաստանը բացահայտորեն ներդրեց մի նախադեպ, ըստ որի՝ վիճահարույց խնդիրներում հնարավոր է հարցերը լուծել զենքի ուժով: Եվ առաջին իսկ օրից եղան կանխատեսումներ, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջին իսկ պահից կփորձեն օգտվել Ռուսաստանի ստեղծած նախադեպից: Սիրիայում, Քեսաբում Թուրքիան հենց այդպես էլ վարվեց: Հերթը երեւի Ադրբեջանինն է, կամ Ադրբեջանն էլ երեւի իր հերթին է սպասում, իսկ մինչ այդ ինտենսիվորեն զինվում է, ընդ որում՝ ռուսական զենքով, մեր, իբր, դաշնակցի զենքով:

Սակայն պատերազմական այս կանխատեսումներով, գնահատումներով ու դիտարկումներով հանդերձ՝ մեզանում մենք համառորեն չենք ուզում ընդունել, որ արդեն ապրում ենք պատերազմական պայմաններում: Եթե բախումներն ու զոհերը լայնածավալ չեն՝ դիրքային են, դիրքապահային, հենակետային, եթե դիպուկահարներն են սպանում, ոչ թե տանկերն ու արկերը, դա դեռ չի նշանակում, որ պատերազմ չէ: Մենք ապրում ենք պատերազմական պայմաններում եւ պատերազմի պայմաններում զրկվում ենք ինքնիշխանությունից, ինքնուրույնությունից, զրկվում ենք անվտանգության այլընտրանքների մասին մտածելու իրավունքից»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ