Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շարունակում է լարվածության մեջ պահել ողջ մարզը եւ նեղ միջավայրում հայտարարել է՝ ով համարձակվեց դեմս դուրս գալ, կվերացնեմ:

Երեկ հերթական ահազանգը ստացանք մարզից՝ մարզպետի հրահանգով  մարզի մոտ 30 դպրոցների տնօրեններ միանգամից որոշել են այլեւս տարածք չտրամադրել կարատեի խմբակներին, ինչն անում էին տարիներ շարունակ՝ մինչեւ այն պահը, երբ Աշտարակի ավագանու անդամ, կարատեի ֆեդերացիայի մարզիչ Մուշեղ Տաշյանն  ավագանու նիստում դեմ քվեարկեց քաղաքապետարանի կողմից աճուրդի հանված տարածքի որոշմանը, որտեղ, ըստ լուրերի, մարզպետը ցանկանում է գազալցակայան կառուցել: Իսկ Աշտարակի ավագանին ընդամենը ասում է, որ քաղաքի բանուկ հատվածում չի կարելի նման վտանգավոր կառույց դնել:

Դրանից հետո մարզպետը որոշել է իր ձեւով հարցերը լուծել, երեկ մարզպետարանում ժողով է հրավիրել եւ տնօրեններին կարգադրել, որ թույլ չտան ֆեդերացիայի խմբակների աշխատանքը։ Կարատեի ֆեդերացիայի նախագահությունը փորձել է մարզպետի հետ հանդիպել, բացատրություններ պահանջել, բայց անօգուտ, Սարգիս Սահակյանը հրաժարվել է. «Մենք լսել ենք, որ ինքն ասել է, թե մեզ լավություն է արել, բայց քանի որ մեր մարզիչը դեմ է քվեարկել, ինքն այսպես է անելու», երեկ մեզ փոխանցեց ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Մոտ 500 սան ունեցող այս կառույցը պատրաստ է անգամ բունտ անել, բայց մինչ այդ նամակ է գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ակնկալում է հարցի լուծում»:

Տպել
Ամենաշատ