Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, Հովիկ Աբրահամյանն այցել է Տավուշի մարզ եւ եղել սահմանամերձ գյուղերում, որոնք մի քանի օր առաջ ինտենսիվ հրետակոծության էին ենթարկվում:

Հովիկ Աբրահամյանը գնացել է ու հայտարարել, որ ամեն ինչ կանի սահմանամերձ գյուղերը պահելու համար, որ դրանք չդատարկվեն, որ գյուղացիները մնան ու ապրելու հնարավորություն ունենան:

Թե քանի անգամ են Հայաստանի իշխանությունները սահմանամերձ գյուղերը պահելու նման խոստումներ տվել այդ գյուղացիներին, երեւի դժվար է արդեն հաշվելը: Այդ խոստումներին այլեւս թիվ չկա: Սակայն սահմանամերձ գյուղերը դատարկվում են: Ընդ որում՝ դատարկվել հասկացությունը մենք դիտարկում ենք միայն ֆիզիկական իմաստով, մինչդեռ այդ գյուղերը դատարկվում են առաջին հերթին հոգեբանորեն, դատարկվում են բարոյական առումով, բնակչությունն իրեն զգում է լքված, մոռացված, անտեսված, արհամարհված: Գուցե բավական տարօրինակ հնչի, սակայն Հայաստանի իշխող համակարգի անթիվ անհամար չինովնիկները այդ գյուղերին օգնելու համար առաջին հերթին թող հերթապահություն սահմանեն սահմանամերձ այդ վտանգավոր գյուղերում՝ շաբաթական հերթապահություն, կյանքի վայելքներից զատ, ռեստորաններից, սաունաներից, հանգստավայրերից, ամառանոցներից ու ճոխ «պերերիվներից» զատ, Հայաստանի իշխանական պատգամավորական մեծամասնության, քրեաօլիգարխիկ կառավարության անդամները թող հերթապահեն սահմանամերձ գյուղերում, ամեն մեկը մեկական շաբաթ ապրի այդ գյուղերում, հաղորդակցվի գյուղացիների հետ, ցույց տա նրանց, որ կյանքը առանձին վայելելուց զատ՝ գոնե տարին մեկ-երկու շաբաթ կիսում է նրանց հետ սահմանամերձ պայմանների ծանրությունը, ապրում է նրանց հետ, դառնում է նրանց հետ միասնական օրգանիզմի մաս:

Այն խոստումները, որ տալիս է Հովիկ Աբրահամյանը Տավուշում, ոչինչ են, որովհետեւ ըստ էության ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը գնում է Տավուշ եւ ասում, թե ինքը աշխատելու է: Որովհետեւ տրված խոստումները Հովիկ Աբրահամյանի աշխատանքային պարտականություններն են. նա՝ որպես ՀՀ վարչապետ, պարտավոր է անել այն, ինչ խոստանում է: Իսկ պարտականությունը չեն խոստանում, պարտականությունը չկատարելու համար ուղղակի պատասխան են տալիս: Եվ հետեւաբար Հովիկ Աբրահամյանը Տավուշ պետք է գնա ոչ թե խոստում, այլ պատասխան տալու, քանզի նա եթե նոր վարչապետ է, ապա հին՝ ԱԺ նախագահ: Իսկ սահմանամերձ գյուղերում անելու բան ունի ոչ միայն կառավարությունը, այլ նաեւ ԱԺ-ն: Կրկնում ենք, որովհետեւ անելիքը միայն նյութական-ֆիզիկական չէ, այլ նաեւ բարոյահոգեբանական»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ