Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակեց հուլիսի առաջին տասնօրյակում ստվերի կրճատման եւ հավասար հարկային հարաբերությունների ձեւավորման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները։ Սա, կարելի է ասել, գործարարների հետ վարչապետի ունեցած հանդիպման առաջին արձագանքն է։

Ինչպես հայտնի է, դրանից հետո ֆինանսների նախարարությունն առանձնացրեց այն ռիսկային ոլորտները, որտեղ հարկերի վճարման հետ կապված տեսնում է որոշակի խնդիրներ։ Տնտեսավարողների գործարքների փաստաթղթավորումն ապահովելու, ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով ռիսկային խմբում հայտնված հարկ վճարողներին առաջարկվեց բարելավել մի շարք ցուցանիշներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր շահութահարկի, վարձատրության, շրջանառությունների իրական չափերի հայտարարագրմանը, աշխատողների թվաքանակի ճշգրտմանը։
Դատելով ֆինանսների նախարարության հարկային ծառայության առաջին հրապարակումից, կարելի է ասել, որ գործարարների մի մասը պատրաստակամություն է հայտնել ինքնուրույն հայտարարել նախկինում թաքցրած եկամուտները։

Ինչեւէ, պարզվում է, ռիսկային խմբում հայտնված շուրջ 1,2 հազար հարկ վճարողներից 98-ը (կամ 8,2 տոկոսը) սեփական նախաձեռնությամբ ներկայացրել է ճշգրտված տվյալներ անցած տարվա շահութահարկի տարեկան հաշվետվության վերաբերյալ։ Դրա շնորհիվ բացահայտվել է ավելի քան 391,6 մլն դրամի հավելյալ եկամուտ պետական բյուջեի համար։ Սա այն գումարն է, որն այս հարկատուները, ըստ իրենց հաշվարկների, փորձել են թաքցնել պետությունից եւ այժմ ինքնակամ վերադարձնում են։

Հարկեր թաքցնելը սովորաբար ենթադրում է որոշակի պատասխանատվություն։ Սակայն երբ հարկատուներն ինքնուրույն են բացահայտում «թերացումները», այն դադարում է խախտում համարվել։
 Հրապարակված տվյալները վկայում են, որ շահութահարկի ճշգրտված հաշվետվություններով, հայտարարագրված հարկերի մեծ մասը «բացահայտվել» է ընդամենը 15 հարկատուի հաշվին։ Դրանց թվում են նաեւ հանրությանը հայտնի մի քանի ընկերություններ՝ բենզինի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնը», «Արայը», «Արաքս թռչնաֆաբրիկան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ