Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ամերիկացի դիվանագետ, Բոսնիա Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան (1997-1999 թթ.), Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.), ներկայումս Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի Մուսուլմանական աշխարհ հատուկ նախաձեռնության տնօրեն Ռիչարդ Կոզլարիչի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն դեսպան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում էականորեն լարվել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին: Հատկանշական է, որ լարվածության հերթական այս ալիքը սկսվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ տարածաշրջան կատարած այցից եւ Ալիեւին ու Սարգսյանին ուղղված նրա հանդիպման հրավերից հետո: Մի իրավիճակում, երբ Արեւմուտքն ու Ռուսաստանը զբաղված են ուկրաինական ճգնաժամով, ինչպե՞ս բացատրել իրավիճակի լարումը ԼՂ հակամարտության գոտում:

Իհարկե, ես այն դիրքում չեմ, որպեսզի դատեմ, թե հակամարտության որ կողմը սկսեց ողբերգական դիմակայության այս վերջին փուլը, որը հանգեցրեց եւ հայ, եւ ադրբեջանցի երիտասարդ զինվորների մահվան:Մի բան հստակ է՝ ընտանիքները սգում են իրենց որդիների, եղբայրների, ամուսինների կորուստը, նրանք ընկան, որովհետեւ արդեն մի քանի տասնամյակ եւ Երեւանի, եւ Բաքվի ռեժիմները տապալում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ես կարող եմ ասել, որ ուկրաինական ճգնաժամի շփոթությունը եւ ուշադրության շեղումն այս ուղղությամբ դրդեց մարտական գործողությունների այս վերջին փուլին, բայց իմ համոզմամբ, միայն Հայաստանն ու Ադրբեջանն են պատասխանատու դրա համար:

Ի՞նչ կարող է անել ընդհանրապես Արեւմուտքը Հարավային Կովկասում ու, մասնավորապես, թույլ չտալու համար առանձին խաղացողների միայնակ կառավարել հակամարտությունը, որովհետեւ տպավորություն կա, որ հենց այս հարցում է ձախողում Արեւմուտքը:

Տարօրինակ է, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, տարբեր ճանապարհներով մեջքով են շրջվել Արեւմուտքի՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ առավել ջերմ հարաբերություններին: Երեւանը որոշեց միանալ Եվրասիական միությանը, իսկ Ադրբեջանը մերժեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Բաքուն միեւնույն ժամանակ ինտենսիվացրեց իր հակաամերիկյան հռետորաբանությունը: Սկսելով մարտական գործողությունների վերջին ակտիվ փուլը՝ եւ Երեւանը, եւ Բաքուն աղերսում են Արեւմուտքին, միջազգային հանրությանը, Մինսկի խմբին միջամտել՝ միեւնույն ժամանակ նրանց մեղադրելով դանդաղ գործելու մեջ: Սա նման է այն բանին, երբ ինչ-որ մեկը լուցկի է վառում, կրակ է հրահրում, ապա մեղադրում է այլոց կրակը չմարելու մեջ: Ես մեծապես մտահոգված եմ Բաքվի ու Երեւանի անխոհեմ պահվածքով, որը ձեւավորել է այս իրավիճակը։ Մոսկվան ինձ ավելի քիչ է մտահոգում: Դեսպան Ուորլիքը որքան հնարավոր է հստակ էր այն հարցում, թե հակամարտության խաղաղ կարգավորման դիվանագիտական ճանապարհն ինչպիսին է: Ձեր՝ Հայաստանի ու Ադրբեջանի պատասխանն էր զինված հակամարտությունը, որն ուղղորդում է դեպի պատերազմ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ