Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Չնայած բազմաթիվ հոռետեսների կանխատեսումներին՝ Հայաստանը ամենաբարձր մակարդակով մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Աֆղանստանում տիրող իրավիճակի քննարկմանը։ Ավելին՝ նախագահ Սերժ Սարգսյանը այդ հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցալ, որը վկայում է ՆԱՏՕ-ի նախաձեռնությունների շրջագծում միջազգային խաղաղապահ առաքելության մասնակից Հայաստանի դերակատարության կարեւորման մասին։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համար ուելսյան գագաթաժողովը հարմար առիթ դարձավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ հերթական բարձր մակարդակի հանդիպումն անցկացնելու համար։

Ուստի ե՛ւ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր, ե՛ւ որպես Ղարաբաղյան բանակցային գործընթացի մասնակից Հայաստանը չէր կարող իր ներկայությունը չապահովել ուելսյան գագաթաժողովում, չնայած նրան, որ վերջինիս հիմնական օրակարգային հարցը Ռուսաստանին հակազդելու նոր քայլերի մշակումն է Ուկրաինայի վերջին իրադարձությունների կապակցությամբ։
Անշուշտ Հայաստանն այդ առումով լիովին այլ քաղաքական առաջնահերթություններ ունի։

Եվ դա լավ հայտնի է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, չնայած դրան՝ այդ կառույցը միշտ էլ հարգանքով է վերաբերվել մեր երկրի սուվերեն ընտրությանը։ Ուստի առիթը օգտագործվել է ինչպես Հայաստանի նախագահին Ուելս հրավիրելու, այնպես էլ հայ-ադրբեջանական հերթական բարձր մակարդակի հանդիպումը կազմակերպելու համար։
Հայաստանի համար կարեւոր է Արեւմուտք-Ռուսաստան ներկա դրամատիկ դիմակայության հնարավորինս արագ եւ անցնցում հանգուցալուծումը, քանզի, ի տարբերություն մեր զույգ հարեւանների, որոնք ամեն անգամ փորձում են օգտագործել նման հակամարտ իրավիճակները «պղտոր ջրից ձուկ որսալու» համար, հայ դիվանագիտությունն իր գրավը դնում է ոչ թե գերուժերի հակասությունների, այլ նրանց շահերի միջեւ նկատվող ընդհանրությունների վրա։

Եվ անգամ Ուկրաինայում ստեղծված ներկա բարդ կացության պայմաններում, երբ թվում է, թե հակամարտող կողմերը դժվար թե կարողանան կասեցնել պատերազմի թափանիվի հետագա պտույտները, նման քաղաքական հաշվարկների համար գոյություն ունեն որոշակի հիմքեր»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ