Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Որպես ԵԿՄ անդամ, ինչպե՞ս եք գնահատում «Երկրապահի» պառակտված վիճակը: Հրամանատարներն իրենց ազատամարտիկների դաշինք ստեղծեցին, Ռուբեն Գեւորգյանն իր դաշինքն է ստեղծում:

Իմ մոտեցումն այդ առումով միանշանակ սուբյեկտիվ է:  Գիտեմ այսօրվա ԵԿՄ-ի թե առավելությունները, թե թերությունները, բայց համարում եմ, որ Վազգենն իր նույնիսկ այսօրվա գոյությամբ շատ ավելի մեծ ուժ է, քան ցանկացած մեկի կողմից որեւէ բարի կամ սեփական շահերին ծառայեցնելու նպատակով ստեղծված կառույցը: Եթե խնդիրներ կան ԵԿՄ վարչության, նրա նախագահի հետ կապված, թող մտնեն այդ կառույց, բարի լինեն բարձրաձայնել այս կառույցում իրենց տեսակետները: Այդ մարդիկ երեւի կհիշեն, թե «Երկրապահի» համագումարներում ինչ ելույթներ եմ ունեցել, երբ իրենցից որեւէ մեկը ոչ մի ծպտուն չի հանել, ավելին, պատերի տակ, երեւի, քննադատել են: Այսօր փորձում են ինչ-ինչ նոր բաներ ստեղծել, ես դա չեմ ողջունում:  

Դուք ասում եք՝ Վազգեն Սարգսյանը հիմա էլ ներկա է, եւ նրան հիշատակում են անընդհատ: Վերջերս էլ Քոչարյանի 60-ամյակին նվիրված ֆիլմում կա կտոր, որտեղ Վազգենը գովաբանում է Քոչարյանին: 

Նախ, դա միանշանակ հիմնավորում է, որ Վազգեն Սարգսյանը կա եւ շատ ավելի մեծ գործոն է, քան ֆիզիկապես կենդանի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնը: Երկրորդ՝ եթե Ռոբերտ Քոչարյանը հարգում է Վազգեն Սարգսյանի հիշատակը, նրան իր եղբայրն է համարում եւ այս մասին բարձրաձայնել էր, նա կարող էր դա ցույց տալ, երբ Վազգեն Սարգսյանի մայրը նստած էր իր դռան առաջ: Ճիշտ էր թե սխալ՝ այլ խնդիր է: Բայց նա իր մեծամտության եւ գոռոզության աստիճանից չիջավ ներքեւ: Ես լավ հիշում եմ, թե ինչպես 99 թվականի հոկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը մեր բակում, իմ, Գագիկ Հարությունյանի, Հրայր Հովնանյանի, Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ոչ ոք ոչինչ չէր խոսում, հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն այն 5 մարդկանց ձեռքի գործն է, ուրիշ ոչ ոք չկա: Իրեն հակադարձեցին թե Հրայր Հովնանյանը, թե Գագիկ Հարությունյանը, որ դա այդպես չի: Բայց ինքն ամբողջ դատական պրոցեսը տարավ այն ուղղությամբ, որ հիմնավորվի դա: Այս առումով նա Վազգեն Սարգսյանի անունը տալու բարոյական իրավունք չունի: Երբ ինքը 130 վկաներից հարցաքննում է միայն 60-ին, երբ հանդիպում է ահաբեկչի հետ, որպես երկրի նախագահ, եւ դաշտում չկա այդ հանդիպման ձայնագրությունը, երբ ինքն ամեն վայրկյան վերահսկում էր դատավարության գործընթացը, ամեն օրվա փաստաթղթերն ուղղակի իր հսկողության տակ էին, որն իր ֆունկցիայից դուրս էր, եւ այդ ամենն անում էր, որ հիմնավորվի, թե այս 5-ն են եղել: Ուրիշ ոչ ոք չկա: Սրա վրա է, որ այս հասարակությունը կասկածում է իրեն ու իրենց, էդ շրջապատին, եւ այս կոնտեքստում նա Վազգեն Սարգսյանի պատկերը տեսնելուց, անունը լսելուց պետք է գլուխը կախի, ոչ ավելի: Եթե գետնի հետ կապված մեջբերումներ չանեմ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ