Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե ոչ մի կասկած չկա, որ ներքաղաքական, այսպես ասած, «թեժ» աշնան կրեդոն դառնալու է ոչիշխանական քառյակի հանրահավաքը, եթե, իհարկե, այն լինի քառյակի հանրահավաք, եւ ոչ թե եռյակի: Թեեւ չի բացառվում, որ լինի «վեցյակի» հանրահավաք, այսինքն՝ այն ֆորմատի, որ մի օր ազդարարեց քառյակի հավաքներից մեկում «անակնկալ» կերպով հայտնված Հովիկ Աբրահամյանը, եւ որին այդպես էլ ոչ ոք չհակադարձեց:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են եւ քննարկել համատեղ հանրահավաքի հարցերը: Մանրամասներ չեն նշվում, ամենայն հավանականությամբ, զուտ հանրահավաքի հետ կապված այդ մանրամասները չկան էլ: Խնդիրն այն է, որ չկա ամենագլխավոր հարցի պատասխանը՝ ինչի՞ համար է համատեղ հանրահավաքը, ի՞նչ նպատակներ կան եւ ինչ խնդիրներ, որ հանրահավաքը պետք է լուծի:

Այս պահի դրությամբ առանցքային խնդիրը առավելագույնս կարող է լինել իշխանություններին, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանին ցույց տալը, որ կարող են հրապարակում իքս մարդ հավաքել: Սակայն այստեղ մի քանի հարց է առաջանում. այդ մարդկանց ո՞վ է ավելի շատ հավաքելու, այսինքն՝ ո՞ր ուժի շնորհիվ են այդ մարդիկ հավաքվելու:
Սրան զուգահեռ՝ մեկ այլ հարց է այն, թե այդ ցուցադրությունն ում է ավելի մեծ օգուտ բերելու, քանի որ ոչիշխանական քառյակի այդ ցուցադրությունը, ըստ էության, կարող է ավելացնել ոչ թե քառյակի կշիռը, այլ Հովիկ Աբրահամյանի։

Հարկ է արձանագրել մի հետաքրքրական դրսեւորում: Նոր նշանակված վարչապետ Աբրահամյանը մի փոքր ակտիվ խաղ սկսեց քառյակի հետ, հայտնվեց նրանց հավաքին, «վեցյակ» հայտարարեց, սակայն հետագայում, այսպես ասած, չզարգացրեց այդ ուղղությունը: Ինչո՞ւ: Չստացվե՞ց, թե՞ պարզապես չցանկացավ: Երեւի երկրորդը: Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանն իր խաղաքարերը մինչեւ վերջ չբացահայտեց: Առաջիկայում նրան շատ ծանր ժամանակներ են սպասում տնտեսական արդյունքների առումով, եւ Աբրահամյանին շատ պետք կլինեն հարակից ապատնտեսական գործոնները՝ իր դիրքերը իշխանության մեջ պահելու համար:

Ահա այս տեսանկյունից նրա համար կարեւոր է, որ ոչիշխանական քառյակը կամ երկյակը մեծ հանրահավաք անի, որպեսզի այդ հանրահավաքը Սերժ Սարգսյանի մոտ Հովիկ Աբրահամյանի կշիռը բարձրացնի: Աբրահամյանի կշիռը վերջին տարիներին ապահովում է ԲՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կամրջի ֆունկցիան, եւ եթե այդ ֆունկցիայի անհրաժեշտությունը պահպանվում է, պահպանվում է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Համատեղ հանրահավաքը այդ կամրջի անհրաժեշտությունն է ավելացնելու, եւ ուրեմն, ամենայն հավանականությամբ, հանրահավաքը ավելացնելու է Հովիկ Աբրահամյանի պահանջվածությունը իշխանական համակարգի, Սերժ Սարգսյանի համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ