Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական քառյակն իր ծրագրերը փոխելու մտադրություն չունի. ի պատասխան «թեժ աշնանը» «սառը ցնցուղներ» հակադրելու մասին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտարարության՝ հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Իհարկե, տարօրինակ կլիներ, եթե քառյակից որեւէ մեկը հայտարարեր, որ ոստիկանապետի հայտարարություններն ազդել են իրենց վրա եւ փոխելու են մտադրությունները: Մյուս կողմից, սակայն, ոչ իշխանական քառյակի որեւէ մտադրություն՝ գոնե առայժմ, ըստ էության չի պարունակել արտահերթ զարգացումներ սկսելու մասին հայտարարություններ, այսինքն՝ չի պարունակել մի բան, որը կարող էր իշխանությունների մոտ անհանգստություն եւ «սառը ցնցուղների» անհրաժեշտություն առաջ բերել:

Առայժմ ներքաղաքական այս փոխադարձ հոգեբանական գրոհները չեն պարունակում պրակտիկ տարրեր, որոնք թույլ կտան խոսել գործնականում իսկապես ցնցումային հեռանկարների մասին: Եվ այս տեսանկյունից հատկանշական էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների մասին՝ այն իմաստով, որ եթե դեռ չկա հստակ բովանդակությունը, հնարավոր չէ խոսել դեմ կամ կողմ լինելու մասին, երբ կլինի, այն ժամանակ կքննարկեն՝ կո՞ղմ լինել, թե՞ դեմ:

Ըստ էության, ոչ իշխանական քառյակի գործընկերները եւ անգամ կուսակիցները այդպես էլ չկարողացան հստակ պարզաբանել Ծառուկյանի հայտարարությունը, որը իսկապես, մեղմ ասած, բազմանշանակ է եւ ակնհայտորեն տարբերվում է միանշանակ դեմ արտահայտվելու քառյակի այլ ուժերի պնդումներից: Ծառուկյանն ըստ էության իշխանությունների հետ մանեւրի տեղ է թողնում, ինչը բխում է ոչ միայն ԲՀԿ-ի, այսպես ասած, բուն ֆունկցիոնալ կարգավիճակից, այլ նաեւ հանդիսանում Ծառուկյանի մարտավարության կարեւոր տարր. ոչ իշխանական քառյակի մյուս ուժերին պարբերաբար ցույց տալ, որ ԲՀԿ-ն ամենեւին չի սահմանափակվել միայն քառյակի համագործակցությամբ եւ անելիքներ կարող է ունենալ նաեւ քառյակից դուրս:
Սրանից զատ՝ Ծառուկյանն ըստ էության պատասխանեց նաեւ ՀԱԿ-ի հայտարարությանը այն մասին, որ եթե նա իրեն տրված շանսը չօգտագործի, կհայտնվի քաղաքական աղբանոցում: Այս հայտարարությունը ՀԱԿ-ի ներկայացուցիչներն արել էին Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպմանը զուգահեռ: Սահմանադրական փոփոխությունների մասին Ծառուկյանի բազմանշանակ հայտարարությունն ինչ-որ առումով նաեւ սրա պատասխանն էր, որովհետեւ եթե ԲՀԿ-ն սկսի իշխանությունների հետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները, ապա այդ դեպքում ՀԱԿ-ն ըստ էության գնալու այլ տեղ չի ունենա, քան քաղաքական աղբանոցը, եւ Ծառուկյանը ըստ էության այս մասին մտածելու տեղիք է տալիս ՀԱԿ-ին՝ ակնարկելով, թե իրականում ով ում կարող է քաղաքական աղբանոց ուղարկել՝ նկատի ունենալով ուժերի ներկայիս հարաբերակցությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ