Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության կազմակերպած սահմանադրական փոփոխությունների թեմայով խորհրդաժողովում հնչած ելույթների շարքում բավականին հետաքրքրական էր ԲՀԿ-ական Վահան Բաբայանի ելույթը: Հետաքրքիր էին, իհարկե, ոչ թե ելույթի բովանդակությունը, շոշափված խնդիրները, շարահյուսությունը, հռետորաբանությունը կամ գեղարվեստական պատկերավորությունը, այլ արտահայտված մի միտք, թե՝ ԲՀԿ-ն դեմ է առճակատմանը եւ կողմ է համերաշխությանը, ու եթե իշխանությունները համերաշխության ճանապարհով գնան, ապա շատ հարցեր կլուծվեն:

Ինչո՞ւ է հետաքրքրական այս «թեզը»: Որովհետեւ այն առաջ է քաշում ԲՀԿ-ն եւ հատկապես՝ Վահան Բաբայանը՝ այն Բաբայանը, որ ԲՀԿ-ն ներկայացնելով խորհրդարանական ապրիլյան ճեպազրույցներից մեկում՝ հայտարարել էր, որ եթե հեռացած Տիգրան Սարգսյանի փոխարեն նշանակվի նորից ՀՀԿ-ական, ապա իրենք հարյուր հազարներով փողոց դուրս կգան եւ նոր ՀՀԿ-ական վարչապետի չեն ընդունի: Ուստի հետաքրքրական է, որ ՀՀԿ-ական վարչապետ չհանդուրժելու մասին հայտարարող Վահան Բաբայանը այսօր հայտարարում է համերաշխություն ակնկալելու մասին: Բայց չէ՞ որ նշանակված վարչապետը ՀՀԿ-ական էր, եւ նրա արդյունքներն էլ կարծես թե մի քանի ամիս հետո առանձնապես տպավորիչ չեն, ավելին՝ այդ արդյունքները, մեղմ ասած, անմխիթար են, միեւնույն ժամանակ էլ՝ ոչ իշխանական քառյակի 12 կետերն են անկատար: Ուրեմն ինչո՞ւ ԲՀԿ-ն ոչ միայն հանդուրժեց ՀՀԿ-ական նոր վարչապետի նշանակումը, ոչ միայն այսօր վարչապետի հրաժարական պահանջելու փոխարեն պատրաստվում է ընդամենը ոստիկանապետի հրաժարական պահանջել, այլեւ, ըստ էության, իշխանություններից էլ համերաշխություն է ակնկալում:
Համերաշխությունը հետաքրքրական գաղափար է, սակայն գաղափար լինելուց բացի՝ այն ներքաղաքական բանաձեւ է Հովիկ Աբրահամյանի համար: Գաղտնիք չէ, որ Աբրահամյանի, այսպես ասած, ներիշխանական կրեդոն արդեն երկար տարիներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համերաշխությունն ապահովելն է: Եվ երբ այսօր ԲՀԿ-ականը խոսում է համերաշխություն ակնկալելու մասին, կարծես թե բավական պարզ է դառնում, թե ինչ բանաձեւ է դրվում շրջանառության մեջ կամ ավելի ճիշտ՝ ինչ առաջարկ:

ԲՀԿ-ն, ըստ էության, ՀՀԿ-ականներին առաջարկում է պայմանավորվել, եթե հիմքում համերաշխությունն է, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի ներիշխանական դերի բարձրացումը, որը ԲՀԿ-ի համար, բնականաբար, շոշափելի երաշխիք է՝ հաշվի առնելով Ծառուկյանի եւ Աբրահամյանի միջեւ խնամիական կապը, ինչը հայաստանյան տիպի, այսպես ասած, վաղ ֆեոդալական ավանդույթներով ու արժեքներով առաջնորդվող «էլիտաների» պարագայում քաղաքական եւ իրավական երաշխիքներից ավելի ամուր եւ հաստատուն երաշխիք է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ