Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը: Այդպիսի մի քանի համաժողովներ արդեն անցել են, որոնք իհարկե պատմության մեջ հիշարժան բաներ էլ թողել են: Օրինակ, հիշարժան է, թե ինչպես համաժողովներից մեկում, տարիներ առաջ, անգամ արտգործնախարար Օսկանյանի մասնակցությամբ, փորձում էին սփյուռքահայերի շրջանում բանկայով «զակատներ» իրացնել՝ իբրեւ աջակցություն հայ գյուղացուն:

Նման բազում հետքեր են մնացել պատմության մեջ Հայաստան-Սփյուռք նախորդ համաժողովներից: Իսկ ինչպիսի՜ գեղեցիկ ճառեր: Հայաստան-Սփյուռք համաժողովների պատմությունը կարող է լինել կենացների, հարսանքաճառերի եւ հանդիսավոր այլ արարողությունների համար արժեքավոր շտեմարան: Միայն թե Հայաստան-Սփյուռք համաժողովները պատմությունը բացարձակապես դատարկ են թողել Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի համար ռազմակավարական, ինստիտուցիոնալ, համակարգային բնույթի բեկումնային նախագծերի եւ ծրագրերի առումով: Իսկ եթե դրանք չկան, ո՞րն է նման համաժողովների իմաստը՝ տուրի՞զմը:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները անկախ Հայաստանի պատմության ընթացքում այդպես էլ մնացին ըստ էության չդիտարկված, մնացին առավելապես արարողակարգի, ռոմանտիզմի, ձեւականություններին, կենացների ու թամադայության շրջանակում: Քիչ թե շատ լուրջ հեռանկարներ պարունակող նախագծերը բախվեցին հայաստանյան իրականությանը, որում իշխող սուբյեկտներին Սփյուռքից միայն գումարներ էին պետք եւ, այսպես ասած, իրենց իշխանական լեգիտիմության սպասարկում Արեւմուտքում եւ Ռուսաստանում:
Հայաստանում հաստատված կոռուպցիան, արժեքային քաոսը, անիրավությունն ու անօրինականությունը հանգեցրին նրան, որ Սփյուռքն աստիճանաբար սկսեց օտարվել Հայաստանից՝ որպես գործունեության, ստեղծագործական պոտենցիալի իրացման մի կարեւոր հարթակ, եւ առավելագույնը Հայաստանը սկսեց դիտել որպես հայրենիք, որտեղ պետք է երբեմն այցելել կարոտն առնելու համար՝ նայած, թե ինչ պարբերականությամբ այցի կգա կարոտը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ