Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանի հետ: Հատված հարցազրույցից.

«Պարոն Սարգսյան, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքն ինչպե՞ս եք գնահատում: Ամիսներ առաջ` հունիսին, ընդդիմության շատ գործիչներ կողմ են քվեարկել այս օրենքին, այսօր դեմ են: Ըստ էության, օրենքով փորձ է արվում խոշոր ձկներին ի հայտ բերել: Հնարավո՞ր է այս ճանապարհով խոշորներին հայտնաբերել, իշխանությունը չգիտի՞ ովքեր են այդ խոշորները:

Նորմալ երկրներում պետությունն ամենաարդար գործընկերն է: Դրա համար նման երկրներում մարդիկ ձգտում են պետական համակարգում աշխատել, որտեղ ամեն ինչ ստաբիլ է: Մեր երկրում պետությունն ամենաանհուսալի մարմինն է, որը խաղի կանոնները օրը մեջ փոխում է, ըստ որում` միշտ չէ, որ փոխում է դրական առումով: Ակնհայտ է, որ ներքեւից այդ ճանապահին գնալը շատ ավելի ցավոտ է եւ քիչ ավելի բարոյական: Իշխանությունները շատ լավ գիտեն՝ կազմակերպված պետություն ստեղծելու ճանապարհին ում ինչ արտոնություններ են տվել, ովքեր են իրենց ներկրողները, ինչ գումարներ են բերում, որ գումարներ են թափանցիկ, որը՝ ոչ: Այս երկրում անգամ փոքրիկ կրպակ հնարավոր չէ աշխատեցնել՝ առանց տանիք ունենալու: Այնպես որ` այստեղ որեւէ մեկը թաքուն անգամ մեկ լումա աշխատելու հնարավորություն չունի:

Այդ դեպքում նպատակը ո՞րն է:

Փորձում են ցույց տալ, որ այս կառավարությունը կարող է որոշակի դրական քայլեր անել եւ այդ դրական քայլերի արդյունքում ցույց տալ տնտեսական աճ: Աշխարհաքաղաքական այն իրավիճակում, որտեղ հայտնվել է Հայաստանը, տնտեսական այն ձեւի մեջ, որտեղ ինքը գնում է, վիճակն էլ ավելի է վատանում, եւ այդ քայլերով բյուջե լցնելու, բյուջեի կատարողական մասը իրականություն դարձնելու որեւէ հնարավորություն այս իշխանությունը չունի: Բանը հասել է նրան, որ հայ մարդը կենցաղային տնտեսական ապրանքները Վրաստանից է գնում՝ օճառ, լվացքի փոշի եւ այլն, որտեղ ուղիղ կես գնով այստեղից էժան է
Այս երկրում չկան խաղի կանոններ: Ի՞նչ է նշանակում վերեւինին չենք կարողանում հարկել, ներքեւինին ենք հարկում, եւ դա խոստովանում են, հետեւաբար չեն կարողանում երկիրը ղեկավարել, թող մեծ-մեծ չխոսեն, թե ստվերը բերելու ենք հարկային դաշտ, մինչեւ այսինչ օրը ժամկետ ենք տալիս:

Ի՞նչ տեղի կունենա հոկտեմբերի 10-ի հանրահավաքին եւ ինչո՞ւ ընտրվեց հենց այդ օրը, երբ Մինսկում քննարկվելու է ՀՀ անդամակցության փաստաթղթի ստորագրման հարցը: Այստեղ կապ տեսնո՞ւմ եք:

Ես վստահաբար չեմ կարող ասել պատահական էր, թե ոչ: Ես այդ ուժերի հետ ճանապարհ եմ անցել` բացառությամբ ՀՅԴ-ի, եւ իզուր է այն մարդկանց մոտեցումը, որոնք այդ ամենի տակ հատուկ միտում են տեսնում: Այլ խնդիր է, որ այս իշխանությունները, հանրահավաքները խոչընդոտելով, Սյունիքում համարյա քրեական տարրերի ներգրավմամբ, ամեն ինչ անում են, որ ինձ նման մարդը, որը որեւէ կերպ չի կիսում քառյակի մոտեցումները, զայրույթից ասի` պիտի գնամ այդ հանրահավաքին, տեսնեմ` էդ ովքեր են, ինչ են ասում: Բայց նաեւ ուզում եմ մասնավորապես ԲՀԿ-ին հիշեցնել, որ աշխարհում գոյություն ունի բումերանգի էֆեկտ, եւ այն, ինչ իրենք ժամանակին արել են` 2003-ին, երբ դեռ կուսակցություն էլ չէին, 2008-ին, 2012-ին, հիմա նույնը իրենց դեմ են անում:

Վերջին կարեւորագույն թեմաներից մեկը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակումն էր եւ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման մասին լուրը: Ինչո՞ւ էր իշխանություններին պետք նրան նորից նշանակել այդ պաշտոնում՝ հաշվի առնելով հասարակության սպասելի բացասական արձագանքը:

Ես կարծում եմ` նմանը նմանին է գտնում: Եթե Հովիկ Աբրահամյանը կարող է երկրի վարչապետ լինել, երբ Հայաստանի համար ամենածանր տարիներին կարողացել է 6 մլն դոլար կուտակել, Սուրիկ Խաչատրյանը կարող է մարզպետ լինել, որովհետեւ ինչ-որ կերպ պատերազմին մասնակցել է: Այսինքն` ես չեմ տեսնում Հայաստանի վերնախավում մարդիկ` սկսած նախագահից, որոնք իրենց արժանիքներով ավելին են, քան Սուրիկ Խաչատրյանը: Բոլորի դեպքում էլ մարդկային կյանքերի հետ կապված խնդիրներ կան: Այսօրվա գործող նախագահն իշխանության է եկել 10 մարդու արյան գնով: Սուրիկ Խաչատրյանը մեկ զոհ է ունեցել, կամ 2-3, նմա՞ն է` նման է: Երկուսն էլ իշխանության են գալիս փող բաժանելով, նմա՞ն է` նման է: Երկուսն էլ, վարչապետն էլ իրենց հետ, իրենց պաշտոնական դիրքն ու ազդեցությունը օգտագործում են իրենց իշխանությունը պահելու համար: Պետություն, պետականություն, օրենք` նման բաներ չկան նրանց մոտ: Եթե Սյունիքի պարագայում դա այնքան էլ վտանգավոր չէ, ապա երկրի նախագահի ու վարչապետի պարագայում դա սոսկալի վտանգավոր է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ