Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ միջազգային շուկայում իջնում են նավթի գները: Վերջին մի քանի ամսվա մեջ նավթի գները միջազգային բորսայում 110 դոլարից իջան մինչեւ 83 դոլարի, այսինքն՝ նավթն էժանացավ մոտ 30 տոկոսով, սակայն բենզինի հայաստանյան շուկայի գների վրա դա որեւէ ազդեցություն չի ունենում:

Որոշ փորձագետների մոտ կասկածներ կան, որ կատարվածը կարող է կարտելի՝ Հայաստանում բենզինի վաճառքով զբաղվողների պայմանավորվածության արդյունք լինել:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանը «Ժամանակի» հարցին, թե հանձնաժողովն ի՞նչ է անում բենզինի շուկայի հետ կապված, որ Հայաստանում բենզինի իրատեսական գներ լինեն, ասաց. «ՏՄՊՊ-ն հիմնականում ուսումնասիրում է բենզինի գները այն երկրներում, որտեղից իրականացնում ենք ներկրում, դա ՌԴ-ն է, Բուլղարիան եւ Ռումինիան: Հանձնաժողովը, իհարկե, ուսումնասիրություններ կատարում է եւ բոլոր փոփոխությունները պահում է ուշադրության կենտրոնում: Կտրուկ գնանկում այս պահի դրությամբ չենք արձանագրել: Կարող եմ ասել, որ ավելի շատ գնային տատանողական վարքագիծ է դրսեւորում»: Ըստ ՏՄՊՊ ներկայացուցչի՝ դեռ ժամանակը չի լրացել,  եւ որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ գնային փոփոխությունները անդրադառնան Հայաստանի գների վրա: «Այս պահի դրությամբ որեւէ խախտում չկա, եւ վարույթ հարուցելու հիմքեր չկան»,- ասաց Սահակյանը:
Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի ոլորտում գերիշխող դիրք ունեն «Ֆլեշը» եւ «CPS»-ը: Հայաստանի պետական սեկտորին հիմնական բենզինի մատակարար «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը հեռախոսով հրաժարվեց պատասխանել «Ժամանակի» հարցերին՝ հայտարարելով, թե Հայաստանում չէ եւ հարցերի չի պատասխանում: Նրա ընկերությունից ասացին, որ տնօրեն Յաշա Խաչատրյանը եւս Հայաստանում չէ:

«CPS» ընկերության տնօրեն Արթուր Դանիելյանի հետ էլ չհաջողվեց կապ հաստատել: Այս ընկերությունը հիմնադրել է Աշոտ Սալազարյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ