Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանական եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները 44 պատգամավորական ստորագրություններ են հավաքել եւ խորհրդարանի քառօրյայի օրակարգ են մտցրել հայտարարության եւ որոշման նախագիծ:

Հայտարարությունը վերաբերում է ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամին: Հայտարարության հեղինակները կառավարման ճգնաժամը բացատրում են կոռուպցիայով եւ մենաշնորհներով, աղքատության բարձր մակարդակով եւ արտագաղթով, ընտրական համակարգի նկատմամբ առկա անվստահությամբ եւ որպես դրա հետեւանք` իշխանության լեգիտիմության կորստով եւ բազմաթիվ այլ հանգամանքներով, որոնց մասին խոսվում է անկախ Հայաստանի գոյության գրեթե ողջ ընթացքում:

Այն, որ իշխանությունների, կառավարիչների գործունեությունն այդ ամբողջ ժամանակահատվածում չի բավարարել հասարակության սպասելիքները, ակնհայտ է, եւ այդ իմաստով, իհարկե, կարելի է ստեղծված իրավիճակը բնորոշել` որպես կառավարման ճգնաժամ:

Բայց այդ ճգնաժամին գործնական դրսեւորում հաղորդելու կառավարման ճգնաժամը ավելի առարկայական դարձնելու համար ընդդիմության կողմից լավագույն քայլը կլինի այն, եթե եռյակի պատգամավորները միաժամանակ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները՝ առաջացնելով սահմանադրական եւ խորհրդարանական ճգնաժամ:

Ճգնաժամ այն իմաստով որ ոչ ԱԺ կանոնակարգ-օրենքը, եւ ոչ էլ ՀՀ Սահմանադրությունը չեն նախատեսում լուծումներ, երբ խորհրդարանի մի քանի խմբակցությունների անդամ պատգամավորներ հրաժարվում են մանդատներից, եւ հնարավորություն չկա նրանց փոխարինել նոր պատգամավորներով:

Այս իրավիճակում իշխանությունը ստիպված պետք է գնա ոչ ստանդարտ լուծումների, մասնավորապես` խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների կազմակերպման, որն ընդդիմությունը կարող է օգտագործել իր հաղթանակն ամրագրելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ