Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություն է հայտնվել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, որը Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը ոչ հերքել է եւ ոչ էլ հաստատել: Ավելորդ է խոսել այն մասին, թե ինչ կարող էին քննարկած լինել Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը: Այստեղ ամեն ինչ միաժամանակ եւ՛ պարզ է, եւ՛ պարզ չէ: Պարզ է այն առումով, որ Սարգսյանն ու Ծառուկյանը պետք է խոսեին, այսպես ասած, ներքաղաքական այս պայքարի մասին եւ, բնականաբար, ճշգրտեին պայքարի կանոններն ու սահմանները: Հարցը ցուցումներն ու հանձնարարականները չեն: Այսինքն՝ խնդիրը ինչ-որ սցենարի մշակումը կամ համաձայնեցումը չէ, այլ կողմերի միջեւ խաղի կանոնների համաձայնեցումը, թե ինչն է թույլատրվում, իսկ ինչը կհամարվի կանոնների խախտում եւ կարժանանա իշխանությունների համապատասխան վերաբերմունքի: Համապատասխան վերաբերմունքը, բնականաբար, ուժային արձագանքն է, թեեւ իհարկե չի բացառվում նաեւ արձագանքի այլ տարբերակ, որը եւս, ըստ էության, ուժային է, բայց, այսպես ասած, «բարձր ճշգրտության», այսինքն՝ կիրառվում է ոչ թե զանգվածների, այլ դրանց առաջնորդողների, տվյալ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանի տնտեսական շահերի դեմ:
Մյուս կողմից պարզ չէ, թե Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումն ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել, կամ, այսպես ասած, ինչ մոտիվներով: Այսինքն՝ դեռեւս հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ոչ մի բան այլեւս չեն ներկայացնելու իշխանություններին եւ սպասելու են նրանց առաջարկներին կամ նախաձեռնություններին: Եվ այսպես հարց է առաջանում՝ ինչի՞ հետեւից էր Ծառուկյանը գնացել Սարգսյանի հետ հանդիպման՝ առաջարկություններ ու նախաձեռնություններ ստանալո՞ւ, թե՞ պարզապես հրավիրել էին, նա էլ ներկայացել էր, ասենք, որպես Անվտանգության խորհրդի անդամ, որը ներկայանում է խորհրդի ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին:
Այստեղ էլ ըստ էության հետաքրքիր վիճակ է ստացվում: Գագիկ Ծառուկյանն այս կառույցի անդամ է եւ, ըստ էության, Սերժ Սարգսյանի ենթական, առնվազն այս կառույցի շրջանակներում: ԲՀԿ-ի առաջնորդը չի հրաժարվում ԱԽ անդամությունից: Ըստ էության, հայկական պարադոքս է ստացվում՝ ԱԽ շրջանակներում Սերժ Սարգսյանի ենթական գլխավորում է նրա դեմ համաժողովրդական շարժումը: Համաշխարհային քաղաքագիտության մեջ սա կարող է անեկդոտ դիտվել, սակայն հայկական չափանիշներով սա քաղաքագիտական նոու-հաու է, որն իհարկե հասարակ մահկանացուներիս խելքի բանը չէ եւ հասու է միայն քաղաքականության եւ քաղաքագիտության գուրմանների խելքին ու քիմքին: Դա է պատճառը, որ հայկական պետականությունը եւ հայկական քաղաքականությունը միայն նրանց է համ տալիս, իսկ մնացյալ հասարակության համար, մեղմ ասած, անհամ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ