Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հարեւան Վրաստանում զարգանում են հետաքրքրական իրադարձություններ: Սկսվել է պաշտոնանկությունների եւ հրաժարականների մի շղթա, որով կարմիր թելով անցնում է Վրաստանի եվրաինտեգրացիայի հեռանկարը: Ըստ էության, քանդվում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ իշխանության եկած կոալիցիան, սակայն բուն խնդիրն իհարկե այն է, թե արդյոք քանդվո՞ւմ է Վրաստանի եվրաինտեգրացիայի, Արեւմուտքի հետ Վրաստանի մերձեցման եւ եվրոպական քաղաքակրթական հարթության մաս դառնալու հեռանկարը:

Սա է այսօր խնդիրը, որ դրված է Վրաստանում, եւ որը հատկապես հետաքրքրում եւ կարեւորվում է այստեղ, մեզ մոտ՝ Հայաստանում: Բանն այն է, որ Վրաստանը հարավկովկասյան, այսպես ասած, եվրոպական խարիսխն էր, եւ եթե այն չկա, ապա կարող ենք մեծ հավանականությամբ ասել, որ գնացել է Կովկասի եվրոպական նավը, ասել է թե՝ նաեւ Հայաստանի նավը, եւ մենք մնում ենք եվրասիա-ռուսական բաց ծովում:

Կասկած չկար, որ ընդամենը միլիարդատեր Իվանիշվիլիի միլիարդների վրա կառուցված քաղաքական դաշինքը անկարող է լինելու լուրջ քաղաքական կենսագրություն ծավալել: Եվ սա էլ, ըստ էության, պետք է ի գիտություն ընդունել Հայաստանում «իվանիշվիլիական» համեմատությունների սիրահարների համար, որոնք Իվանիշվիլիի դաշինքի հաղթանակից հետո քաղաքագիտական ներբողներ էին ձոնում, «հայկական Իվանիշվիլի» հռչակում ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին:

Ներկայումս միջազգային գերլարված իրավիճակում քաղաքական կենսագրության եւ լուծումների ի զորու են միայն գաղափարական, հայեցակարգային դաշինքները, ոչ թե ֆինանսական ռեսուրսների վրա հիմնված կոնյունկտուրային շարժումները: Վրաստանում մենք տեսնում ենք Իվանիշվիլիի կրախը, որը, սակայն, կարող է շատ թանկ նստել պետության համար: Եվ սա մեզ հետաքրքրում է ուղղակիորեն, ոչ միայն Հայաստանում էլ նման հեռանկարից խուսափելու համար, այլեւ որովհետեւ Վրաստանի խնդիրները հենց այսօր ուղղակիորեն կարող են ազդել Հայաստանի վրա եւ՛ անմիջական հարեւանության, եւ՛ միակ ցամաքային ճանապարհի առկայության առումով, եւ՛ Վրաստանում հայկական մի քանի հարյուրհազարանոց համայնքի առկայության առումով, եւ՛ նաեւ վերը բերված եվրոպական խարիսխի գործոնի առումով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ