Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ անսպասելիորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում։ Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի իրականացրած լայնածավալ զորավարժությունների ընթացքում ադրբեջանական կողմը խոցել է հայկական Մի-24 ռազմական ուղղաթիռը, որի անձնակազմի երեք անդամները զոհվել են։

Արդյո՞ք Ադրբեջանը կարող էր իրեն հաշիվ չտալ հետեւանքների համար, եւ արդյո՞ք նա իր անպատժելիության հարցում համոզված լինելով չէ, որ գնացել է նման հանդուգն քայլի: Թե՞ ադրբեջանական կողմը ունի ինչ-ինչ երաշխիքներ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ամենայն հավանականությամբ մենք չենք էլ ստանա: Ներկայումս, իհարկե, կարեւորագույնը խաղաղության պահպանումն է, ԼՂՀ-ի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության մոտ խուճապ թույլ չտալը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի հնարավոր պատասխանին, ապա հայկական զինուժն, իհարկե, իր մարտունակությունն ու հաստատակամությունը, իր բարձր  պատրաստվածությունը հաստատելու կարիք չունի եւ չպետք է թույլ տա, որ պատասխանը լինի ինքնանպատակ: Այն պետք է լինի կշռադատված, միեւնույն ժամանակ անկասկած է, որ պատասխանը չպետք է դիտարկվի վրեժի կամ հատուցման կոնտեքստում զուտ, այլ նաեւ ընդհանրապես դիվանագիտական շրջանակում: Այսինքն՝ հայկական կողմը վերջապես պետք է կարողանա դիվանագիտական դաշտում էլ պատասխան տալ ադրբեջանական սանձարձակությանը՝ պատասխանը չթողնելով միայն զինուժի ուսերին։

Ոչ մի կասկած չի կարող լինել, որ լայնածավալ գործողությունները նշանակելու են պատերազմ ողջ Կովկասում, եւ այս առումով պետք է հնչեցնել, բնականաբար, ավանդական հարցը՝ ո՞ւմ է դա պետք, ո՞ւմ է «ձեռնտու» հանցանքը: Խնդիրն այն է, որ այսօր Կովկասում, ըստ էության, պատերազմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունի միայն մեկ տերություն՝ Ռուսաստանը: Այսինքն՝ նման գործողությունների, ըստ էության, պատրաստ է միայն Ռուսաստանը:

Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, որ խնդիրն այլեւս դուրս է գալիս միայն հայ-ադրբեջանական, ղարաբաղյան շրջանակից, եւ հարցերն ու հետագա զարգացումնեը պետք է դիտարկել հենց լայն շրջանակում՝ ներառյալ միգուցե նաեւ հարակից տարածաշրջաններում ծավալվող իրադարձությունները: Խնդիրն այն է, որ նման լարված, գերլարված աշխարհաքաղաքական վիճակներում անգամ չնչին պատահականությունը կարող է առաջ բերել լայնածավալ ռազմական գործողություններ:  Տարածաշրջանը վաղուց ի վեր վառոդի տակառ է եւ արդեն՝ բաց բերանով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ