Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Լահյու, մինչ մենք Երեւանում նշում ենք «ՆԱՏՕ-ի տեղեկատվական շաբաթ»-ը, ադրբեջանական զինուժը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայկական ռազմական ուղղաթիռ ոչնչացրեց: Դուք մշտապես ընդգծում եք, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության շրջանակում ոչ միայն անվտանգություն սպառող, այլեւ ապահովող երկիր է. Հայաստանն աջակցում է համաշխարհային անվտանգության ամրապնդմանը, իսկ ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն աջակցում Հայաստանի անվտանգությանը, այսինքն՝ ինչպե՞ս է Հայաստանը սպառում այդ անվտանգությունը:

Նախ նշեմ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից երեկ տեղի ունեցած միջադեպը՝ ԼՂ ՊԲ-ին պատկանող ուղղաթիռի ոչնչացումը, չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Յուրաքանչյուր անգամ, երբ շփման գծում նման ռազմական միջադեպեր են գրանցվում, սահմանափակվում է հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու հակամարտող կողմերի կարողությունը: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայն արդեն իսկ իր հայտարարությունը տարածել է այս միջադեպի կապակցությամբ՝ պնդելով, որ ՆԱՏՕ-ն կցանկանար կողմերին տեսնել խաղաղության հաստատման գործընթացում, բանակցություններում, որոնք հակամարտությունն ուղղում են դեպի կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի համաձայն, մի ձեւաչափ, որը նախատեսված է հակամարտության կարգավորման համար:

Իսկ ինչպե՞ս է Հայաստանը սպառում անվտանգություն:

Ի՞նչ է անում ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ գործընկերությամբ. ապահովում է մարզումներ եւ ուսուցումներ, համագործակցություն, որն օգնում է Հայաստանի ԶՈՒ-ին բարեփոխվել, դառնալ ավելի թափանցիկ, ինչ-ինչ միջադեպերին արձագանքել շատ ավելի օպերատիվ եւ արդյունավետ, ժողովրդավարական կերպով: Սա այն է, ինչում Հայաստանը չափազանց հետաքրքրված է, որի համար էլ ստանում է ՆԱՏՕ-ի աջակցությունը: Այս աշխատանքը ծառայում է ՀՀ ԶՈՒ-ին, զինծառայողներին, որպեսզի նրանք իրենց այդ որակներով ավելի լավ ծառայեն ՀՀ քաղաքացիներին:

Այսինքն՝ եթե Հայաստանը ցանկանա ՆԱՏՕ-ից ստանալ անվտանգության որոշակի երաշխիքներ կամ սպառել ՆԱՏՕ-ի անվտանգությունը, հնարավո՞ր է դա դարձնել քննարկման առարկա:

ՆԱՏՕ-ն, որպես կառույց, հանձնառու է անվտանգություն ապահովել իր անդամ երկրների համար: Մենք համագործակցում ենք գործընկերության միջոցով, ինչպես Հայաստանի դեպքում: Օգնում ենք   խաղաղություն, կայունություն հաստատել գործընկերների համար եւս, սակայն ՆԱՏՕ-ն կարող է անվտանգության երաշխիքներ տալ միայն անդամ երկրներին: Ուստի ինչ վերաբերում է ապագային, ապա եթե իրավիճակ փոխվի, անվտանգության միջավայրը փոխվի, ապա Հայաստանը ազատ է՝ որպես եվրոպական երկիր, ՆԱՏՕ-ին միանալու որոշում կայացնել, քանի որ ՆԱՏՕ-ն շարունակում է բաց դռների քաղաքականությունը, ինչը նշանակում է՝ անդամակցության համար կառույցը բաց է ցանկացած եվրոպական երկրի համար: Ինչպես Վրաստանն իր հետաքրքրությունը հայտնեց ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացի նկատմամբ՝ որպես իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն, այդպես էլ կարող են ապագայում նույնն անել բոլոր երկրները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ