News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ցավոք, Ադրբեջանն այնպիսի հայտարարություններ է անում, որոնք ոչ միայն չեն օգնում, այլեւ խոչընդոտում են Լեռնային Ղարահաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին, Երեւանում, այսօր` մարտի 5-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Միաժամանակ Ադրբեջանը ցույց է տալիս, թե իբր շահագրգռված է ստատուս քվոյի փոփոխությամբ: Սակայն պաշտոնական Բաքվի գործողություններն ու հայտարարությունները խոսում են այն մասին, որ ինքը դեմ է խնդրի կարգավորմանը, դեմ է ստատուս քվոյի փոփոխությանը, իսկ փոփոխությունները ենթադրվում են միայն համանախագահների կողմից ներկայացված սկզբունքներից մեկի հիման վրա»,- նշել է Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրների անունից հայտարարել է, որ բոլոր սկզբունքներն ու տարրերը, որոնք ներկայացվել են որպես ԼՂ խնդրի կարգավորման հիմք, մեկ միասնական փաթեթ են: «Մեկ տարրը կամ սկզբունքը մյուս տարրերից կամ սկզբունքներից առանձնացնելը չլուծված խնդրի իրավիճակ կստեղծի: Ադրբեջանն ասում է եկեք իրականացնենք մեկ տարրը, որից հետո նոր քննարկենք մյուս հարցերը: Դա անհեթեթ դիրքորոշում է: Այդ կապակցությամբ համանախագահներն Ադրբեջանին պատասխանել են:

Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի լսում եւ շարունակում է նույն ոգով: Նրանք, ովքեր չգիտեն բանակցային գործընթացի էությունը եւ մանրամասները, հարց են տալիս` իսկ ո՞րն է էությունը: Իսկ էությունը հենց այն է, որ Հայաստանի եւ համանախագահների դիրքորոշումը համընկնում է, ուստի Հայաստանը համաձայնել է համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների համալիրը դնել կարգավորման հիմքում»,-նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով, այդ մասին հայտարարվել է «Մեծ ութնյակի» ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից Ակվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում: «Մենք ողջունում ենք այդ հայտարարությունները եւ պատրաստ նք այդ հիմքի վրա առաջ շարջվել խնդրի կարգավորման համար»,-ընդգծել է Նալբանդյանը:

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ այսօր իր լիտվացի գործընկերոջն է տվել Լիտվայի խորհրդարանի 1989 թվականի պատմական հայտարարության պատճենը, որտեղ Լիտվայի խորհրդարանականները կոչ են անում ԽՍՀՄ ղեկավարությանը հարգել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ